Մերձավանում վիճաբանություն է եղել, կան ձերբակալվածներ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում | 1lurer.am

1lurer.am  Երեկ գիշեր կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։

Ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

«Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կա 5 ձերբակալված:

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին հաղորդում է ներկայացվել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ: Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք»,- նշեցին ՆԳՆ-ից:

«Ազատությանը» Քննչական կոմիտեից հայտնել են, որ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մաս կետով (գերեզմանն անարգանքի ենթարկելը):

Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում՝ Ախտոյանների տան դիմաց, տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, նաև հնչել էին կրակոցներ: Դա եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած միջադեպ, ինչի հետևանքով ծեծկռտուքը շարունակվել էր, հնչել էին նաև կրակոցներ և ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Սպանվել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը: Զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն էր: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն