news.am «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տաթև Սողոյանը։
«Հենց նոր ավարտեցի խորհրդակցությունը սրտաբանի հետ, ինքս զարմացած ու ապշած է, որ այդ վիճակում գտնվող անձին տարել են կալանքի։
Արսեն Ղուկասյանն ունի 9 անուն հիվանդություն, որոնք ուղղակիորեն նշված են կառավարության ցանկում որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ու չնայած այս հանգամանքին, չնայած նրան, որ այդ բոլոր հիվանդությունների վերաբերյալ փաստաթղթերը տրված են եղել և՛ քննիչին, և՛ դատարանին, միևնույն է, քննիչը կալանավորելու միջնորդությունը ներկայացրել է դատարանին և դատարանը բավարարել է այն։
Ես կարող եմ թվարկել հիվանդությունները՝ սրտի իշեմիկ հիվանդություններ ծանր ձևի, որոնք պայմանավորված են տարած սրտամկանի ինֆարկտով, 3 անգամ ստենտավորվել է, սրտի աշխատանքը ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք, և զարկերակային ճնշումը շատ բարձր ռիսկի է։ Ունի զարկերակային հիպերտենզիա երրորդ աստիճանի, որը Կառավարության որոշման 42-րդ կետն է, ունի 45-րդ կետով նախատեսված սրտի փականների ձեռքբերովի հիվանդություն։
Ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 6-ին, շտապօգնության խումբն արձանագրել է, որ Ղուկասյանն ունի գանգատ, քանի որ միջադեպի ժամանակ ստացել է հարված կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով սրտի դեֆիբիլյատոր սարքը հնարավոր է` վնասվել է։ Նրան ցուցված է եղել անհապաղ դիմել բուժօգնության այն բուժհաստատություն, որտեղ կատարվել է սարքի տեղադրումը` դրա անսարքությունը ժխտելու նպատակով, ինչը մինչ այս պահը չի իրականացվել։ Նրա կյանքին վտանգ է սպառնում»,–ասաց փաստաբանը։
Նա հավելեց, որ Արսեն Ղուկասյանը մեղադրվում է միջին ծանրության հանցանքի մեջ՝ խուլիգանություն. «Ընդ որում, բռնություն չի եղել, մեղադրվում է հնչեցրած հայհոյանքների համար, ոստիկանության ծառայողների ասել է՝ով որ ծեծում է անհետ կորածի հարազատին… ու հայհոյել է։ Այդ հայհոյանքների համար է մեղադրվում և օդում իր ձեռնափայտը ճոճելու համար, որը տեսանյութում երեւում է։
Կալանք են տվել՝ գրելով, որ կարող է փախչել։ Այսինքն կարող է անհետ կորած եղբորորդու ճակատագրին հետամուտ լինելու իր առաքելությունը թողնի, մտածի իր սեփական անվտանգության մասին ու փախչի։ Եթե սեփական անվտանգության մասին մտածեր երբևէ իր բողոքի ձայնը չէր բարձրացնի»,– ընդգծեց Սողոյանը։
Նա հավաստիացրեց, որ անպայման բողոքարկելու են կալանքի որոշումը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անհետ կորած անձանց հարազատներից Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։