Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը նույնպես գնման այս ընթացակարգերը չի համարել շահերի բախման իրավիճակ առաջացնող և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գրություն չի ներկայացրել։
Մեզ ուղղված գրավոր պատասխանում Հակոբ Շահգալդյանը նշել է, որ հանձնաժողով հայտարարություն չի ներկայացրել՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» (1, 2, 3) և «Գնումների մասին» օրենքների որոշ կետեր (1, 2, 3, 4)։
«Գնումների մասին» օրենքի տեսանկյունից, իսկապես, կնքված պայմանագրերում որևէ խնդիր չկա։ Օրենքն «Աշկար» ընկերությանը չի արգելում մասնակցել գնման ընթացակարգերին, շահերի բախումն էլ նշված օրենքով սահմանափակվում է հայտը գնահատող հանձնաժողովի անդամների միջև ազգակցական կապով կամ տվյալ ընկերությունում մասնաբաժին ունենալով։ Եվ ըստ այդ հայտերը գնահատող հանձնաժողովի անդամների ստորագրած հայտարարության՝ հանձնաժողովի անդամների և Եփրեմյանի միջև նման կապ չկա, այսինքն՝ այս օրենքի տեսանկյունից շահերի բախում առկա չէ։
Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքը շահերի բախման վերաբերյալ այլ շրջանակ է սահմանում։ Օրենքը շահերի բախումը սահմանում է որպես իրավիճակ, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Մասնավոր շահը կարող է լինել որևէ արտոնություն ոչ միայն իր հետ փոխկապակցված անձանց, այլ նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Համայնքապետ Հակոբ Շահգալդյանը և ավագանու անդամ Տարոն Եփրեմյանը նույն՝ «Միասնական դաշինք» խմբակցությունից են, այսինքն՝ Շահգալդյանը և Եփրեմյանն ունեն քաղաքական հարաբերություններ։
Հաշվի առնելով այս փաստը՝ Շահգալդյանը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել հայտարարություն։
«Ինֆոքոմի» նմանօրինակ նախորդ հոդվածների հիման վրա հարուցված վարույթների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ համայնքների ղեկավարները նման իրավիճակում պարտավորություն են ունեցել ներկայացնելու շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն։ Արդյունքում վարույթներ են հարուցվել և 300 հազար դրամ վարչական տույժի ենթարկվել Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Տարոն Եփրեմյանը հայտարարատու պաշտոնյա է, և որպես Չարենցավան համայնքի ավագանու անդամ, յուրաքանչյուր տարի պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագիր։ Ի թիվս այլ տվյալների պաշտոնյան պարտավոր է հայտարարագրում նշել նաև համայնքի հետ իր կամ իրեն պատկանող ընկերությունների կնքած 5 մլն դրամը գերազանցող պայմանագրերի առկայության մասին, ինչը Եփրեմյանը չի արել։ 2023 թվականի հայտարարագրում Եփրեմյանը չի նշել այդ տարի Չարենցավանի համայնքապետարանի հետ կնքած 24 մլն դրամի պայմանագրի մասին։
Այսպիսով, Չարենցավանի համայնքապետարանը շուրջ 478 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու կառավարող խմբակցության անդամի ընկերության հետ, սակայն համայնքապետն այդտեղ շահերի բախում չի տեսնում և շահերի բախման իրավիճակի մասին հայտարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել։