ՀՀ ՇՄ նախարարը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարի հետ

Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար տիկին Ամնա ալ Շամսիի հետ։ Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկեցինք 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Զրույցի առանցքում էր Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը (Kunming-Montreal Global Biodiversity Framework)։

Քանի որ Արաբական Միացյալ Էմիրությունները հաջողությամբ հյուրընկալել են COP28 համաժողովը, կարևոր համարեցի նրանց փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը Հայաստանում սպասվող COP17-ի կազմակերպչական գործընթացներում։

Մենք վճռական ենք COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով՝ համախմբելով միջազգային փորձը, առաջատար գիտական մոտեցումները և նորարարական լուծումները՝ նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանությանն ու շրջակա միջավայրի կայուն կառավարմանը։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունն ու ԱՄԷ-ի Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը արդեն իսկ ունեն հուշագիր համագործակցության մասին, որի շրջանակում իրականացվում են մի շարք նախաձեռնություններ` ուղղված՝

Կլիմայի փոփոխության դեմ պայքարին,
Կենսաբազմազանության պահպանությանը,
Շրջակա միջավայրի մոնիթորինգի և ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործմանը,
Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարմանը,
Բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը,
Էկոտուրիզմի զարգացմանը»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ աղբուրի՝ կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը՝ նպաստելով երկու երկրների միջև բնապահպանական ոլորտի փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրագործմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն