Անկարայում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը շեշտել է, որ տարածաշրջանային հարցերում ցուցաբերված սերտ համագործակցությունը, որտեղ հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրում բոլոր ոլորտներում, օրինակելի է։
«Վերջին զարգացումները խոստումնալից են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տրանսպորտի և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջանի մեկնարկի համար։ Այս համատեքստում, այսօրվա հանդիպման ժամանակ մենք խորհրդակցություններ անցկացրինք մեր երկկողմ և եռակողմ համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակի շուրջ, ներառյալ՝ պաշտպանությունը, ռազմական և անվտանգության ոլորտները, մեր տարածաշրջանում խաղաղ ապագա հաստատելու նպատակով։ Մենք գոհունակությամբ հաստատեցինք, որ այս բոլոր հարցերի շուրջ ունենք ընդհանուր պատկերացում»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։
Հանդիպման արդյունքում երեք երկրների պաշտպանության նախարարների միջև ստորագրվել է համատեղ փոխըմբռնման հուշագիր։