Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագրի ընդունումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդների անխոնջ ջանքերի շնորհիվ Գազայում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որը նաև ապահովում է պատանդների ազատ արձակում և մարդասիրական օգնության ազատ մուտք:
Հույս ունենք, որ այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշվում է ՀՀ արտաքին գերատեսչության գրառման մեջ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Համասը ստորագրել են ԱՄՆ խաղաղության ծրագրի առաջին փուլը: Ըստ նրա՝ համաձայնագրի արդյունքում բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, Իսրայելը իր զորքերը կհեռացնի դեպի համաձայնեցված գիծը՝ որպես առաջին քայլ դեպի երկարատև և կայուն խաղաղություն: