Իսրայելի կառավարությունը վավերացրել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագիրը | factor.am

factor.am  Իսրայելի կառավարությունը ուրբաթ օրը վավերացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման հետ հրադադարի մասին համաձայնագիրը՝ ճանապարհ հարթելով Գազայում ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում դադարեցնելու և այնտեղ պահվող իսրայելցի պատանդներին դրանից հետո 72 ժամվա ընթացքում ազատ արձակելու համար, գրում է Reuters-ը։

Իսրայելի կաբինետը հաստատել է համաձայնագիրը ուրբաթ վաղ առավոտյան՝ միջնորդների կողմից համաձայնագրի մասին հայտարարությունից շուրջ 24 ժամ անց, որը նախատեսում է իսրայելցի պատանդների վերադարձ՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, և իսրայելական զորքերի փուլային դուրսբերման սկիզբ Գազայից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում երկամյա պատերազմը դադարեցնելու նախաձեռնության շրջանակում։

«Կառավարությունը հենց նոր հաստատել է բոլոր պատանդների՝ ողջերի և մահացածների ազատ արձակման շրջանակը», – ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի X-ի էջում արված գրառման մեջ։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան ասել է, որ ինքը երաշխիքներ է ստացել Միացյալ Նահանգներից և այլ միջնորդներից, որ պատերազմն ավարտվել է։

Իսրայելի կառավարության խոսնակը հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի կառավարության կողմից համաձայնագրի հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածից հետո Գազայում պահվող պատանդները կազատվեն 72 ժամվա ընթացքում։ Ենթադրվում է, որ Գազայում պահվող իսրայելցի պատանդներից դեռևս ողջ են քսանը, մինչդեռ 26-ը մահացած են, երկուսի ճակատագիրն անհայտ է։ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ զոհվածների մարմինների դուրսբերումը կարող է ավելի երկար տևել, քան ողջ մնացածների ազատ արձակումը։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սնունդ և բժշկական օգնություն տեղափոխող բեռնատարներ կմտնեն Գազա՝ օգնելու քաղաքացիներին, որոնցից հարյուր հազարավորները ապաստան են գտել վրաններում։

Ըստ հրապարակման, սակայն, շատ բան կարող է սխալ ընթանալ։ Նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո պաղեստինյան աղբյուրը հայտնել է, որ ազատ արձակվող հարյուրավոր պաղեստինցիների ցուցակը վերջնականապես չի կազմվել։

Թրամփի 20 կետանոց ծրագրի հետագա քայլերը դեռևս չեն քննարկվել։ Դրանց թվում է այն, թե ինչպես է կառավարվելու քանդված Գազայի հատվածը մարտերի ավարտից հետո, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի վերջնական ճակատագիրը, որը մինչ օրս մերժել է զինաթափման պահանջները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն