Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառության ծավալի շուրջ անհամաձայնություն Փաշինյանի ու Պուտինի միջև. նախարարը պնդում է՝ վարչապետը ճիշտ թվեր է ներկայացրել

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդհատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե որքան է Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը, վերջինս պատասխանել է՝ 4 միլիարդ դոլար: Վլադիմիր Պուտինը չի համաձայնել նրա պնդման հետ՝ նշելով, որ ավելի է եղել: Փաշինյանն արձագանքել է, որ նախորդ տարի 9 միլիարդ է եղել, Պուտինը դարձյալ չի համաձայնել՝ հայտարարելով, որ նախորդ տարի ավելի է եղել, այս տարի էլ է՛լ ավելի կլինի:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վիճակագրական կոմիտեի կայքից արված էկրանակադր և գրել. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս անդրադարձել է թեմային՝ հրապարակելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ըստ դրանց՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան-Ռուսաստան ապրանքային առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 4.5 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9.2 մլրդ դոլար։

«Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի ներկայացրած թվերը, թեւ ոչ շատ ճշգրիտ, բայց արտացոլում են իրականությունը (որովհետեւ համեմատելու համար պետք է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը դիտարկել)։

Երկրորդ, տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կրկնակի անգամ նվազել է։ Ակնհայտ է, որ այս տարվա արդյունքներով առեւտուրը չի կարող ավելի շատ լինել, քան նախորդ տարի (եթե սեպտեմբեր-դեկտեմբերին հրաշք չլինի)։ Այսինքն՝ նախագահ Պուտինի կանխատեսումը սխալ է։

Եվ երրորդ, ՀՀ-ՌԴ վերջին 2-3 տարիների ապրանքային առեւտրաշրջանառության թվերին պետք է խիստ վերապահումներով մոտենալ, որովհետեւ դրա մեջ մտնում է նաեւ վերաարտահանումը։ Եթե վերաարտահանումը «ֆիլտրենք» եւ փորձենք հասկանալ իրական առեւտուրը, թվերը շատ ավելի փոքր կլինեն»,- նշել է Բաբկեն Թունյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ