Ժամը 14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։
Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել»,- գրել է Երևանի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին` ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր, նշելով՝ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: