Չորս տարի անց Նշան Նշանյանի մահվան գործով մեղադրյալ չկա, թեև բժշկական սխալը հաստատվել է | hetq.am

hetq.am

Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ժամանակ 45-ամյա Նշան Նշանյանը կորցրել էր գիտակցությունը և մահացել։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերջնական եզրակացությունը, որը հրապարակվեց «Հետքի» հոդվածից հետո, հաստատել է՝ Նշան Նշանյանի մահը տեղի է ունեցել բժշկական սխալի հետևանքով։ Բայց քննությունը, մահացածի քրոջ, իրավահաջորդի՝ Լուսինե Ազնաուրյանի պնդմամբ, շարունակում է ձգձգվել՝ առանց արդյունքի։

2021-ի դեկտեմբերին 45-ամյա Նշան Նշանյանն Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ընթացքում կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ։

Դեպքից 14 օր անց այդպես էլ գիտակցության չգալով՝ Նշան Նշանյանը մահացել է։ Հարազատների պնդմամբ՝ բժիշկը վիրահատություն է առաջարկել այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար։ Քաղաքացու մահից գրեթե 4 տարի անց Քննչական կոմիտեն չի պարզել դեպքի հանգամանքները։ Թեև հոդվածի հրապարակումից հետո Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնը տվել է վերջնական եզրակացություն։ Եզրակացությունում մասնավորապես նշված է՝ «Մինչ վիրահատության կատարումը պարզվել է Նշան Նշանյանի կողմից սնունդ ընդունելու հանգամանքը, որի կապակցությամբ պետք է նշել հետևյալը, որ համաձայն ներկա պահին գործող միջազգային ուղեցույցների ասպիրացիայի՝ ստամոքսի պարունակությանբ շնչառական ուղիները սննդային զանգվածներով խցանվելու ռիսկը նվազեցնելու նպատակով պլանային վիրահատությունները խորհուրդ է տրվում իրականացնել սննդի վերջին ընդունումից 6 ժամ անց։ Հաշվի առնելով Ն. Նշանյանի մոտ առկա ուղեկցող հիվանդություններից շաքարային դիաբետը և նրանով պայմանավորված գաստրոպարեզի առկայության հավանականությունը այդ ժամանակահատվածը կարող է կազմել 8 ժամ: Այս հանգամանքին պետք էր առավել ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով նաև անեսթեզիոլոգի կողմից նախավիրահատական շրջանում գնահատված ինտուբացիայի դժվարության կանխատեսման սանդղակի բարձր արժեքը»,- ասվում է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տված եզրակացությունում։

Փորձագիտական կենտրոնի պատասխանում ասվում է, որ Ն. Նշանյանի մոտ, ըստ «Արտաշատի» ԲԿ-ի հիվանդության պատմագրի, անզգայացման ներածական փուլից 3-4 րոպե անց դիտվել է սրտի կանգ, որի պատճառով սկսվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնց արդյունքում սպոնտան (ինքնուրույն) շրջանառությունը վերականգվել է, և հիվանդը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նշվում է, որ առհասարակ սրտի կանգի վաղ բացահայտումը և նրան բերած հավանական պատճառի հնարավորինս արագ վերացումը հնարավորություն է տալիս բարելավել ելքը:
«Ըստ անեսթեզիոլոգի գրառումների՝ Ն. Նշանյանի մոտ արձանագրված սրտի կանգի առաջացման բուն պատճառը անհասկանալի է: Շուրջվիրահատական շրջանում սրտի կանգի հիմնական հայտնի պատճառներն են սուր հիպօքսիան (թթվածնաքաղցը), հիպովոլեմիան (շրջանառվող արյան ծավալի պակաս), ացիդոզը, հիպո-հիպեր կալիեմիան, սրտի տամպոնադան, լարված պնևմոթորաքսը, թոքային էմբոլիզմը, կորոնար զարկերակների թրոմբոզը, անաֆիլաքսիան, ռիթմի խանգարումները, հիպօհիպերթերմիան և այլն: Վերջինիս կապակցությամբ պետք է նշել, որ ք. Երևան Հերացի թիվ 1 հիվանդանոցում ախտորոշված կենտրոնական ծագում ունեցող չարորակ հիպերթերմիան», ըստ պատճառածագումնաբանության, կրել է կենտրոնական ծագում, այսինքն եղել է «Արտաշատ» ԲԿ-ում անզգայացման ներածական փուլում առաջացած բարդությունների արդյունք, այլ ոչ թե անզգայացման ընթացքում հանդիպող «չարորակ հիպերթերմիա» համախտանիշը, որը ոչ պատշաճ բուժման դեպքում ուղեկցվում է բարձր մահացությամբ: Հարկ է նշել նաև, որ որոշ դեպքերում էլ անզգայացման ընթացքում սրտի կանգի պատճառը կարող է չհստակեցվել: Ըստ Ն. Նշանյանի՝ հիվանդության պատմագրերում առկա գրառումների սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներից հետո «Արտաշատ» ԲԿ-ում և Մ. Հերացի թիվ 1 հիվանդանոցում հոսպիտալիզացիայի ողջ ընթացքում պացիենտի գիտակցության վերականգնում չի արձանագրվել, այն գնահատվել է կոմա, արձանագրվել են ցնցումներ: Այս ամենը, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են վկայել գլխուղեղի հիպօքսիկ-իշեմիկ վնասման մասին, որը կարող էր առաջանալ հիպօքսիայի հետևանքով (որն էլ իր հերթին կարող էր հանգեցնել սրտի կանգի) կամ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների ընթացքում),- ասվում է Գիտագործնական կենտրոնի պատասխանում:

Լուսինե Ազնաուրյանը նշում է, որ պատրաստվում է նորից դիմել Գլխավոր դատախազություն։ «Ես համոզված եմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի գործը ձգձգվի, հասնի վաղեմության ժամկետին ու ծածկադմփոց արվի։ Սա ուղղակի անհնար է՝ բժշկի սխալն այսքան ժամանակ անպատիժ մնա։ Գործը վաղուց պետք է ընթացքի մեջ լիներ։ Ես ավելի քան համոզված եմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի լռեցվի, որպեսզի բժիշկները անպատիժ մնան։ Շատ լավ գիտեմ, թե ինչ հնարավորություններ ունեն նման մարդիկ, որոնք նաև ինձ են փորձել լռեցնել։ Ամեն ինչ անում են, որ մեղավորները չպատժվեն։ Այդ բժշկական կենտրոնում սա առաջին դեպքը չէ, ես առնվազն երկու նմանատիպ դեպքի մասին լսել եմ, երբ վիրահատության ժամանակ պացիենտը մահացել է, բայց հարազատներին ինչ֊որ ձևով լռեցրել են»,- նշում է Լուսինե Ազնաուրյանը։

«Հետքը» պարզաբանման համար դիմել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ գործը Արտաշատի քննչական բաժին է փոխանցվել այս տարվա հունիսին։

Դեպքի վաղեմության ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին, Լուսինե Ազնաուրյանը կարծում է, որ իրավապահ մարմինները դիտավորյալ են ձգձգում գործի բացահայտումը, որպեսզի մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ