Գազայի անվտանգության ապահովման և կառավարման շուրջ դժվար քննարկումներ են սկսվել․ Քատարի ԱԳՆ | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման ծրագիրը պահանջում է համատեղ ջանքերի գործադրում։ Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական, արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմադ ալ-Անսարին։

«Մենք հավատում ենք ծրագրին և մենք նրա (Թրամփի) հետ շատ սերտորեն համագործակցել ենք այս ծրագրի և դրա իրականացման համար, բայց կարևոր է ասել, որ առջևում դժվարին մարտահրավերներ կան։ Մենք բոլորս պետք է միասին աշխատենք՝ ապահովելու, որ այն իրականացվի», – ասել է նա։

«Մենք այս պատերազմից և տարածաշրջանում տեղի ունեցած այլ հակամարտություններից սովորել ենք, որ միշտ անհրաժեշտ է զգուշավոր լավատես լինել», – շեշտել է պաշտոնյան։

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ խաղաղության ծրագրի հետագա իրականացման շուրջ Եգիպտոսում բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։

«Սա պատմական օր է, որին մենք տարիներ շարունակ սպասել ենք, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։ Մենք հույս ունենք, որ սա քայլ կլինի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Մենք հետաձգել ենք երկրորդ փուլի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ՝ առաջին փուլի ավարտն ապահովելու համար», – ընդգծել է ալ-Անսարին։

Նրա խոսքով՝ այժմ սկսվել են դժվար քննարկումներ՝ Գազայի անվտանգությունն ապահովելու և կառավարելու, ինչպես նաև պատերազմի բռնկումը կանխելու ուղղությամբ։

Բանակցությունները սկսվել են՝ առաջին և երկրորդ փուլերի միջև ցանկացած ժամանակային ընդմիջումից խուսափելու համար։

Պաշտոնյան  նաև երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին՝ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու նպատակով գործադրած ջանքերի համար։

Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարին և բոլոր իսրայելցի պատանդների վերադարձին: Հանդիպման ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ հռչակագիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ