Բրիտանիան հանում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ գործող զենքի մատակարարման արգելքը

Միացյալ Թագավորությունը հանում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ գործող զենքի մատակարարման արգելքը։

Այդ մասին հայտարարել է երկրի պետական նախարար Սթիվեն Դաութին՝ նշելով, որ «Հարավային Կովկասում նշանակալի զարգացումներ են եղել և Միացյալ Թագավորությունը արձագանքում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում պատմակա առաջընթացին:

«Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղությանն ուղղված առաջընթացը: Այս զարգացումները առանցքային պահ են տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերում»,- ասվում է հայտարարությունում, որում հիշեցվում է նաև օգոստոսի 8-ի Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան համատեղ հայտարարության և նախաստորագրված պայմանագրի մասին:

Պետնախարարը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է իր ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ի ճանաչումն այս գործընթացի և հաջակցություն դեպի խաղաղություն շարունակական շարժին:

«Այս գործընկերությունները կձևակերպեն համագործակցությունը առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև կամրապնդվեն նախարարական մակարդակի ամենամյա հանդիպումներով, որոնց նպատակը կլինի առաջընթացը դիտարկելը»,- գրել է Բրիտանիայի պետնախարարը՝ հիշեցնելով Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի մասին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Բրիտանիան ողջունում է ԵԱՀԿ մինսկի խումբը պաշտոնապես լուծարելու որոշումը՝ որպես խաղաղությանն ուղղված քայլ:

«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված նշանակալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները՝ Մեծ Բրիտանիան կարծում է, որ ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական ​​գործողություններում ներգրավված ուժերին զենքի և զինամթերքի մատակարարումների» վերաբերյալ առաջարկված զենքի էմբարգոյի հիմնավորումը վերացել է։ Հետևաբար, Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կվերացնի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշումը թույլ կտա Մեծ Բրիտանիային աջակցել երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերին, այդ թվում՝ «այլ պետությունների և ոչ պետական դերակատարների կողմից եկող ավանդական և հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան»:

«Հայաստանի և Ադրբեջանի արտահանման և առևտրի լիցենզիաների դիմումները, իհարկե, կշարունակեն գնահատվել յուրաքանչյուր դեպքի համար՝ համաձայն Մեծ Բրիտանիայի ռազմավարական արտահանման լիցենզավորման չափանիշների, և կառավարությունը չի տրամադրի որևէ լիցենզիա, եթե դա անհամատեղելի լինի չափանիշներից որևէ մեկի հետ: Մենք ուշադիր կուսումնասիրենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակը»,- նշվում է հայտարարությունում:

Բրիտանիան նաև հույս է հայտնում, որ սա Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճելու հնարավորության պահ է. «Մեծ Բրիտանիան պատրաստ է աշխատել երկու երկրիներ, ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և այլ գործընկերների հետ՝ կառուցողական և նախաձեռնողական դեր խաղալու այս վերափոխման, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը աջակցելու գործում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ