Հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում սպասվում են փոփոխություններ

Կառավարությունը նախաձեռնությամբ է հանդես եկել, որով փոփոխություններ է իրականացնում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: Սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարեւոր խնդիրներ: Առաջինը՝ հիպոտեկային վարկավորմամբ ՀՀ-ում գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող, սակայն Հայաստանից դուրս գտնվող անձինք առուվաճառքի պայմանագրերը կստորագրեն հեռավար եղանակով, ինչը հիմք կհանդիսանա իրավունքի պետական գրանցման համար:

«Հաջորդ խնդիրը միտված է անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Մենք, հետեւողաբար զարգացնելով անշարժ գույքի շուկան, պարտավոր ենք ներդնել այնպիսի գործիքակազմեր, որոնք այսօր առկա են առաջադեմ շուկաներում, եւ որոնցից ներդրողները հաճախ օգտվում են»,- ընդգծել է զեկուցողը եւ կարեւոր համարել այդ իմաստով նոր գործիքակազմի ներդնումը:

Նշվել է, որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը կսահմանի պայմանագրի այնպիսի ձեւանմուշ, որը հիմք կհանդիսանա բանկերի, վարկատուների, վարկառուների, գնորդների եւ վաճառողների միջեւ պայմանգրերի կնքման համար:

Քննարկումների արդյունքում որոշվել է՝ կողմերի ցանկությամբ որպես այլընտրանքային տարբերակ՝ կշարունակվի նոտարական վավերացմամբ պայմանագրերի կիրառությունը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցմամբ քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Ռիելթորական գործունեության մասին» եւ կից օրենքների նախագծերի քննարկումը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ