Տեր Գարեգինի նկատմամբ մեկ ամիս ժամկետով որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ ծայրաստիճան անորոշ մեղադրանքի և ակնհայտ անհիմն միջնորդության պայմաններում։ Այս մասին հայտնում է փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
«Տեր Գարեգինը մեղադրվում է, ընդամենը, միջին ծանրության հանցանքին առերեւույթ օժանդակելու մեջ եւ հետապնդվում է պարզապես քահանա հայր լինելու համար»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ եւս 5 քահանաների տներ, ապա բերման ենթարկվել։ Հաղորդումը, որի հիման վրա կատարվել են ՔԿ գործողությունները, վերաբերել է Տեր Արամի հայտարարությանը, որը նա արել է Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։ Նա հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են իրականացվում «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում»։