Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:
Տեղեկությունը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ եւս 5 քահանաների տներ, ապա բերման ենթարկվել։ Հաղորդումը, որի հիման վրա կատարվել են ՔԿ գործողությունները, վերաբերել է Տեր Արամի հայտարարությանը, որը նա արել է Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։ Տեր Արամ քահանան հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով․ «Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին», – նշել էր Տեր Արամը։ Հարցին, թե եթե ասեր, որ չի գնալու ցույցի, ինչ կլիներ, նա պատասխանել էր, որ խնդիրներ կլինեին։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են իրականացվում «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում»։