Երկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առիթով: Այս մասին հայտնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»,– գրել է նա:
Քննչական կոմիտեն հաղորդման մեջ նշել է, որ այն վերաբերում է Հովհաննես Խուդոյանի կատարած հրապարակումներից մեկին։
«2025թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվել է հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ, որի ժամանակ Կոմիտեի նախագահը հանրությանն է ներկայացրել 2025թ. սեպտեմբերի 23-ին Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վերաբերյալ մի շարք հանգամանքներ, որոնք բխել են նախաքննության ընթացքում վարութային և այլ ապացուցողական գործողությունների ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներից:
Հեռարձակման հաջորդ օրը` 2025թ. սեպտեմբերի 30-ին, «yerkir.am» լրատվական կայքում զետեղվել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հովհաննես Խուդոյանի` հետևյալ հրապարակումը. «Քննչական կոմիտեի ղեկավարը երեկ լուրջ ու պատասխանատու դեմքով ի թիվս այլնի պնդում էր, որ սպանության գործով քաղաքական բան չկա: Բացի անուղղակի քաղաքական ազդեցությունը, ուղղակի քաղաքական միջամտության մասին տվյալներ այս պահին չունեմ: Բայց խնդիրն այլ է: Նույն անձը երկու ամիս առաջ նույն դեմքով 18 արդարենի գործով պնդում էր, որ պլանավորվել է մարդ գնդակահարել: Իսկ հետո, երբ պարզվեց ու ապացուցվեց, որ հանրային եթերից ուղղակի ստել է, նույնիսկ ներողություն չի խնդրել հանրությանը մոլորեցնելու համար: Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը», – նշեն են ՔԿ-ից:
Կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումը ներկայացվել է՝ հաշվի առնելով, որ «Կոմիտեի նախագահի հրապարակային երկու ելույթները «սուտ» որակելու և իր ենթադրությունների ուժով պաշտոնատար անձի հայտարարություններն այսուհետ «ստելու կանխավարկածի դիտանկյունից գնահատելու» վերաբերյալ հրապարակմամբ փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիտավորությամբ խախտել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» դրույթները, խաթարել է փաստաբանության նկատմամբ վստահությունն ու հարգանքը»:
Հաղորդման մանրամասները՝ լուսանկարներում։


