Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Այս մասին հայտնում են Մայր աթոռից՝ նշելով, որ իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։
«Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։
Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»։
Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է ձայնագրություն, որտեղ հեռախոսազրույց են ունենում 2 հոգևորականներ։
Տարածված ձայնագրությունում, մասնավորապես, 2 ենթադրյալ հոգևորականներից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։ Հոգեևորականները քննարկում են նաև տնից հեռու նշանակվելու հարցը․ «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։