Երկու ենթադրյալ հոգևորականների մասնակցությամբ ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։
Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է ձայնագրություն, որտեղ հեռախոսազրույց են ունենում 2 ենթադրյալ հոգևորականներ։ Տարածված ձայնագրությունում նրանցից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։
Հոգեևորականները քննարկում են նաև տնից հեռու նշանակվելու հարցը․ «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։
Մայր աթոռը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ․ «Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը»։