Կնախընտրեինք, որ Ուկրաինան Tomahawk-ի կարիք չունենար, կցանկանայինք, որ պատերազմն ավարտվեր․ Թրամփը՝ Զելենսկիի հետ հանդիպմանը

Սպիտակ տանը ընթանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, Զելենսկիի հետ փակ հանդիպումից առաջ համատեղ մամուլի ասուլիսում Թրամփն ասել է, որ ամենայն հավանականությամբ երկկողմ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ, բայց կապի մեջ կլինի նաև Զելենսկիի հետ:

Հարցին, թե ինչ կանի, եթե Հունգարիայում հանդիպման ժամանակ Պուտինը չհամաձայնի խաղաղությանը, Թրամփը պատասխանել է. «Դե, տեսնենք՝ ինչ կլինի։ Այսինքն՝ գիտե՞ք ինչ։ Կարծում եմ՝ նախագահ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը, հակառակ դեպքում ես այսպես չէի խոսի»։

Զելենսկին, պատասխանելով հեռահար հրթիռի մասին հարցին, հայտարարել է․ «Մենք խաղաղություն ենք ուզում։ Պուտինը չի ուզում։ Ահա թե ինչու մեզ անհրաժեշտ է ճնշում գործադրել նրա վրա։ Մենք այսօր նախագահի հետ կխոսենք այն մասին, թե ինչ է մեզ անհրաժեշտ։ Մենք հասկանում ենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերելու համար»։

Պատասխանելով նույն` հեռահար հրթիռի մասին հարցին, Թրամփը նշել է․ «Ավելի շատ կնախընտրեինք, որ նրանք Tomahawk-ի կարիք չունենային։ Անկեղծ ասած, մենք ավելի շատ կնախընտրեինք, որ պատերազմն ավարտվեր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ