Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգն ապագայում․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը ստորագրվեց

Հայաստանում կձևավորվեն հետազոտական համալսարաններ, Գիտությունների ազգային ակադեմիային (Ակադեմիա) կվերապահվեն խորհրդատվական և փորձաքննական գործառույթներ, իսկ գիտական կազմակերպությունները կգործեն կա՛մ համալսարանների կազմում, կա՛մ գերատեսչությունների և այլ կառույցների ենթակայությամբ․ ՀՀ նախագահը ստորագրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը։

Օրենքի ընդունմամբ ուժը կորցրած են ճանաչվում բարձրագույն կրթության և գիտության ոլորտները, ինչպես նաև Ակադեմիայի գործունեությունը կարգավորող առանձին օրենքները։ Այս ոլորտները մեկ միասնական օրենքով կարգավորելը բխում է կառավարության՝ բարձրագույն կրթությունն ու գիտությունն ինտեգրելու քաղաքականությունից։

Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգը

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, որի տարբեր նախագծեր քննարկվել և տարբեր պատճառներով այդպես էլ ուժի մեջ չեն մտել՝ սկսած 2019-ից, արմատական փոփոխություններ և վերադասավորումներ է առաջարկում բարձրագույն կրթական և գիտական համակարգերում։

Այս պահին Հայաստանում գործում են մի քանի տասնյակ բուհեր, որոնց զգալի մասը կենտրոնացած  է հիմնականում կրթական գործառույթի վրա։ Գիտությունն իրականացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի ավելի քան 30 ինստիտուտներում, Ակադեմիայի կազմից դուրս գործող գիտական մի քանի անկախ կազմակերպություններում, բուհերի գիտական ստորաբաժանումներում, ինչպես նաև գերատեսչական պատկանելիության ինստիտուտներում։

Նոր օրենքով ամենամեծ փոփոխությունը Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգի նոր մոդելի ստեծղումն է։ Համաձայն նոր մոդելի՝ Հայաստանում հետազոտություններ հնարավոր է լինելու իրականացվել երեք տեսակի կառույցներում՝

  • հետազոտական համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպություններում,
  • գերատեսչական գիտական կազմակերպություններում,
  • թանգարանների, առողջապահական կամ այլ կառույցների ենթակայությամբ գործող գիտական հիմնարկներում։

 

Փաստորեն, օրենսդրական հիմքեր են ստեղծվում, որ ձևավորվի բուհի նոր տեսակ՝ հետազոտական համալսարան, որի կազմում, ըստ օրենքի, պետք է գործի առնվազն մեկ գիտական կազմակերպություն։

Այս համատեքստում կարևոր է հիշել կառավարության նախաձեռնությունը, որի նպատակն է խոշորացնել պետական բուհերը՝ միավորելով դրանք 6 խոշոր համալսարաններում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Բժշկական, Արվեստի և Սպայական։ Նախատեսվում է բուհերի խոշորացումից հետո դրանք մինչև 2030 թ․ մաս առ մաս տեղափոխել ակադեմիական քաղաք, որի շինարարությունը սկսվելու մասին տեղեկություններ, սակայն, դեռևս առկա չեն։

Օրենքի ձևակերպումները ենթադրում են, որ հետազոտություններ իրականացվելու են հիմնականում համալսարաններում, իսկ գերատեսչական գիտական կազմակերպություններ ստեղծելու համար պետք է լուրջ հիմնավորումներ ներկայացնել։ 

«Բուհի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվում է միայն այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության կամ մի քանի գերատեսչությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի խնդիրների շրջանակում: Ընդ որում, դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները և մշակումները հետազոտական համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչությունների կամ մասնավոր հատվածի կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական և մշակումների խնդիրներ առաջադրելու կարողունակության կամ պահանջարկի վերլուծությունը և դրանց մասին Լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»։

Հետարքիքր է, որ օրենքի՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում գերատեսչական գիտական կազմակերպությունների գործունեության շրջանակը սահմանափակվում էր միայն մի գերատեսչության խնդիրներով, մինչդեռ երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում ավելացել են «մի քանի գերատեսչություններ» և «մասնավոր հատվածի խնդիրներ» ձևակերպումները։

Իսկ գիտական անկախ կազմակերպություններ ստեղծելու օրենսդրական հիմքեր չկան։

Գիտությունների ազգային ակադեմիան և դրա նոր գործառույթները

Օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություններն անցնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) գերատեսչական պատկանելության, մինչև որ դրանք կներառվեն խոշորացված հետազոտական համալսարանների կազմում կամ կհամապատասխանեցվեն նոր օրենքով սահմանված տեսակներից որևէ մեկին։ 

Նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում նշվում էր միայն, որ այս կազմակերպությունները կմնան ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելության ներքո մինչև համալսարանների կազմում ներառվելը, ինչից ենթադրվում էր, որ համալսարանների կազմում ներառվելն Ակադեմիայի նախկին ինստիտուտների համար պարտադիր է լինելու։ Ձևակերպումների վերջին փոփոխությունները, փաստորեն, հնարավորություն են տալիս, որ հետագայում դրանք նաև որպես գերատեսչական պատկանելության կամ հիմնարկի կարգավիճակ ունեցող կառույցներ գործեն։

Առաջինից երկրորդ ընթերցում փոխվել է Ակադեմիայի նախագահության ձևավորման կարգը։ Եթե ըստ նախագծի նախնական տարբերակի՝ Ակադեմիայի նախագահության 11 անդամներից երեքին էր առաջադրելու կառավարությունը, ապա օրենքի ընդունված տարբերակով կառավարությունն առաջադրելու է երկուսին։ Մյուս կողմից՝ ընդունված տարբերակում նոր դրույթ է ավելացել, ըստ որի՝ Ակադեմիայի նախագահությունը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Ինչպես և օրենքի նախնական տարբերում, ընդունված տարբերակում ևս սահմանվում է, որ Ակադեմիայի նախագահի ընտրությունները պետք է հաստատի կառավարությունը։ Այս դրույթներն, ըստ էության, Ակադեմիան կառավարությունից կախվածության մեջ են դնում, մինչդեռ մինչ այժմ գործող օրենսդրությամբ այն համեմատաբար անկախ կառույց էր:

Օրենքի կարգավորումները ենթադրում են նաև, որ Գիտությունների ազգային ակադեմիան այլևս չի լինի հետազոտություններ իրականցնող կառույց․ դրան կվերապահվեն խորհրդատվական և փորձաքննական գործառույթներ։ Ակադեմիան, ի թիվս այլնի, այսուհետ ունի գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները՝ 

  • հայագիտական հետազոտությունների աջակցությունը,
  • գիտատեխնոլոգիական գործունեության պետական նախագծերի փորձաքննությանը և ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցությունը,
  • կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը,
  • գիտական ամսագրերի հրապարակումը,
  • գիտության հանրայնացման միջոցառումների իրականացումը և այլն։

 

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, պետք է հաստատվի Ակադեմիայի կանոնադրությունը, կազմակերպվեն Ակադեմիայի նոր անդամների ընտրությունները, ձևավորվի նախագահությունը, որն էլ պետք է կազմակերպի Ակադեմիայի նախագահի ընտրությունը, հաստատի Ակադեմիայի կառուցվածքն ու ղեկավար կազմը։

Ակադեմիան անցած տարի՝ օրենքի նախագծի՝ շրջանառության մեջ դրվելուց ամիսներ առաջ, հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով`

  • իր կազմում  գործող գիտական ինստիտուտների մի մասը միայն միավորել բուհերին, այդ ինտեգրումը կատարել փուլային տարբերակով՝ իրականացնելով պիլոտային ծրագիր, 
  • իր համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են համագործակցել բուհերի հետ, 
  • գիտական, տեխնոլոգիական, պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվել հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ։

 

Սեպտեմբերին՝ օրենքի նախագծի շրջանառությանը զուգահեռ, Ակադմեիան իր անհամաձայնությունն էր հայտնել կառույցի դերակատարման վերաբերյալ ձևակերպումներին։ Նշենք, որ նախագծի առաջին տարբերակում կառույցին ավելի նեղ գործառույթներ էին վերապահված։

Այս տարվա ապրիլին արդեն, երբ Ազգային ժողովում քննարկվում էր նախագիծը, Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը հայտարարեց՝ Ակադեմիայի դերի մասին կառուցողական քննարկում է տեղի ունեցել կառավարության հետ։

«[Ակադեմիան] արդեն բավականին պատասխանատու, կարևոր դերակատարություն կունենա ապագայում գիտության, կրթության, ընդհանրապես մեր պետության գիտական մտքի զարգացման համար։ Փորձագիտական և գիտամեթոդական գործունեությունը վերադառնում է Գիտությունների ազգային ակադեմիային»

Բուհերն ու դրանց հոգաբարձուների խորհուրդները

Համաձայն օրենքի՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամների թիվը 20 է լինելու․ 10-ին առաջադրելու է ԿԳՄՍՆ-ն, 10-ին ներկայացնելու է բուհը ակադեմիական կազմի ներկայացուցիչներից` ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից։ Հոգաբարձուների խորհրդի անդամները և, առհասարակ, բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմինների անդամները, ակադեմիական միավորների՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք չեն կարողանալու կուսակցության անդամ լինել, հանրային կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնել։

Սակայն հոգաբարձուների խորհրդի ձևավորման նոր կարգն ուժի մեջ է մտնելու 2029-2030 ուսումնական տարուց միայն, իսկ մինչ այդ կուսակցկական լինելու և պաշտոն զբաղեցնելու արգելքները չեն գործելու։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը խոստանում էր ապակուսակցականացնել բուհերը դեռ 2018-ին, և ներկայումս բուհերի հոգաբարձուների խորհուրդներում կան ինչպես քաղաքական պաշտոնյաներ, այնպես էլ իշխող կուսակցության գործող և նախկին անդամներ։ Մյուս կողմից՝ նոր կարգը գործելու է կառավարության որոշմամբ խոշորացված բուհերի դեպքում։ Սակայն թե երբ են խոշորացվելու բուհերը, դեռևս հայտնի չէ։

Գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդը ձևավորվելու է՝ կախված դրանց տեսակից։ Հետազոտական համալսարանի կազմում ընդգրկված լինելու դեպքում համալսարանի հոգաբարձուների խորհուրդը համարվելու է նաև գիտական կազմակերպության խորհուրդը։

Գերատեսչական գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակելու է տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվելու է տվյալ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ: Հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունների կառավարման կառուցվածքը կարգավորվելու է հիմնադրի կողմից:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 8 ամսվա ընթացքում, պետք է ձևավորվեն գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները։ Հաշվի առնելով, որ դրանք բոլորը գտնվելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելության ներքո, ըստ երևույթին հենց ԿԳՄՍ նախարարի ներկայացմամբ էլ կձևավորվեն խորհուրդները։

Այլ դրույթներ

Օրենքով սահմանվող կարևոր փոփոխություններից է գիտական միաստիճան համակարգի անցումը․ այսուհետ կգործի միայն գիտությունների դոկտորի գիտական աստիճանը, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու պահից գիտությունների թեկնածուի և դոկտորի աստիճանները հավասարեցված են դոկտորի աստիճանին:

Մեկ այլ կարևոր դրույթ է այն, որ այսուհետ արգելվում է Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով։

«Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը իրենց գործունեությունը կարող են շարունակել իրենց տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է միայն Կառավարության կողմից հաստատված ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում, որի վերաբերյալ եզրակացությունը տալիս է Լիազոր մարմինը` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կարծիքի հիման վրա»։

Օրենքը սահմանում է նաև, որ Հայաստանում բուհերի միջազգային վարկանիշավորման աղյուսակներում առաջին հիսունյակում գտնվող բուհերի մասնաճյուղեր հիմնադրելիս Կառավարությունը կարող  է սահմանել դրանց գործունեության համար օրենքով սահմանված պայմաններից կամ սահմանափակումներից տարբերվող պայմաններ կամ սահմանափակումներ:

Հիշեցնենք, որ Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թ․ առնվազն 4 բուհ ներառել միջազգային վարկանիշավորման աղյուսակների լավագույն 500-յակում։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը ստորագրվել է հոտկտեմնբերի 9-ին, և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Օրենքի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը, որը, բարձր գնահատելով առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարված փոփոխությունները, իր մտահոգություններն է հայտնել մի քանի հարցերի շուրջ։

Կառավարությունը հրապարակել է նաև գիտության ռազմավարության նախագիծը, որին կանդրադառնանք ավելի ուշ։