Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը
21:39 - 11 հունիսի, 2024

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։ Վերջին շրջանում ակադեմիական հանրությունն ակտիվորեն քննարկում է այս թեմաները, և սպասվող փոփոխությունների վերաբերյալ մի շարք խնդիրներ ու մտահոգություններ են բարձրաձայնվում։ 

«Ինֆոքոմի» այս հոդվածը նպատակ ունի համապարփակ և համակողմանի ներկայացնելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝

  • որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,
  • գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,
  • գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,
  • Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,
  • կառավարության հիմնավորումները,
  • համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,
  • Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։

 

Թեմաներ

Հայաստանի գիտական համակարգի խնդիրներն՝ ըստ ԵՄ փորձագետների

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ հավերժ լրամշակվող նախագիծը

Ակադեմիական քաղաքն ի սկզբանե բուհերի մասին էր

Գիտական կազմակերպությունների օպտիմալացումը

Բարձրագույն կրթության թիրախները

Մասնակի՞, թե՞ ամբողջական միավորում

ԳԱԱ առկախված բարեփոխումները

Կառավարության հայտարարությունը, որն «ընդամենը հայտարարություն էր»

Հայեցակարգ, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հարցերի պատասխանում

Միավորումը կնպաստի՞ գիտնականների թվի աճին

Հետազոտական համալսարաններ․ միավորումը լուծո՞ւմ է

Ինտիտուտների միավորումը բուհերին Վրաստանի օրինակով․ զուգահեռներ Հայատանի հետ

Ամբո՞ղջ գիտությունը, թե՞ դրա մի մասը կարող է լինել ակադեմիական քաղաքում

ԳԱԱ նոր առաջարկները

Գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը Լեհաստանի օրինակով

Ամփոփում

 

Հայաստանի գիտական համակարգի խնդիրներն՝ ըստ ԵՄ փորձագետների 

Ներկայիս բարեփոխումների հիմքում ընկած վերլուծություններից ու հետազոտություններից խոսելիս Հայաստանի կառավարությունը հիմնականում հղում է անում «Նշաձողի բարձրացում. գիտության նոր առաքելությունը Հայաստանի զարգացման մեջ» զեկույցին։ 

2018-ի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը դիմեց Եվրոպական հանձնաժողովին գիտահետազոտական ինստիտուտների կատարողականի բարեփոխման ու կատարելագործման, ինչպես նաև բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ խորհրդատվություն ստանալու նպատակով։ Եվրամիության (ԵՄ)՝ անկախ փորձագետներից կազմված խումբը 2019-ին երկու անգամ այցելեց Հայաստան, մինչև 2020-ի փետրվարն ուսումնասիրություններ իրականացրեց և կազմեց վերը նշված զեկույցը:

Հայաստանի բարձրագույն կրթության ու գիտության միջև անջրպետ կա․ սա զեկույցի ամենակարևոր արձանագրումներից մեկն էր։ Հետազոտության հեղինակները Հայաստանի կառավարությանը խորհուրդներ ու առաջարկներ ներկայացրին, թե ինչպես վերացնել այդ անջրպետը, բարելավել գիտության ֆինանսավորման մեխանիզմները, վերակազմավորել գիտական համակարգը։

Ուղերձներ Հայաստանի կառավարությանը

Զեկույցի սկզբնական հատվածում խոսվում է Հայաստանում գիտական համակարգի հստակ հայեցակարգի բացակայության մասին։ Հեղինակները գալիս են այն եզրահանգմանը, որ Հայաստանի գիտական համակարգը համախմբման և վերակազմավորման կարիք ունի, ինչպես նաև անհրաժեշտություն կա ամրապնդելու հետազոտությունների վրա հիմնված բարձրագույն կրթությունը։ 

Նրանք շեշտում են, որ Հայաստանում համալսարանները թույլ կարողություններ ունեն ստեղծելու համար այնպիսի միջավայր, որում գիտահետազոտական ինստիտուտները կարողանան որակյալ հետազոտություններ իրականացնել։ 

Ամփոփելով հետազոտության առաջին հատվածը՝ հեղինակները Հայաստանի կառավարությանը երեք հիմնական ուղերձ են հղում․ 

  • ավելացնել գիտության ֆինանսավորումը, 
  • խուսափել չափից ավելի արագ վերակազմավորումից, քանի որ գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների արագացված միաձուլումը կատարողականի վատթարացման ռիսկեր է պարունակում,
  • գիտական ինստիտուտները գնահատելիս և ֆինանսավորելիս հավասարակշռություն հաստատել միջազգային նշանակություն ունեցող հետազոտությունների և տեղական նշանակություն ունեցող այնպիսի հետազոտությունների միջև, որոնք նպաստում են երկրի սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը։ 

Այնուհետև զեկույցում խոսվում է Հայաստանի գիտական համակարգի վիճակի մասին, և հեղինակները կառավարությանը 19 առաջարկ են ներկայացնում համակարգի խնդիրների լուծման ուղղությամբ։

Բարձրագույն կրթություն-գիտություն անջրպետը

«Հետազոտական ինստիտուտի համակարգը» բաժնում խոսվում է Հայաստանում բուհերի ու գիտական կազմակերպությունների միջև համագործակցությունից:

Բուհերի ներկայացուցիչների հետ զրույցներում հետազոտության հեղինակները պարզել էին այն խնդիրը, որ դասախոսները շատ ծանրաբեռնված են, քանի որ ամբողջական դրույքով աշխատավարձ ստանալու համար նրանցից պահանջվում է դասավանդել մինչև 700 ժամ:

Ամիսներ առաջ «Ինֆոքոմն» այս թեմաներով զրուցել էր Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն Գևորգ Քառյանի հետ։

Գևորգ Քառյանի խոսքով ամբողջական դրույք ձևավորելու համար անհրաժեշտ ժամաքանակի հավաքագրումը դասախոսներին թույլ չի տալիս հետազոտական աշխատանքով զբաղվել, քանի որ նրանք դրա համար ժամանակ չեն ունենում, հետևաբար՝ դադարում են լինել ակտիվ գիտնական։

Խոսելով այն մասին, թե ինչու գիտական կազմակերպությունների գիտաշխատողների համար գրավիչ չէ համալսարաններում դասավանդելը՝ Գևորգ Քառյանը կրկին նշել էր ժամաքանակի բաշխման խնդիրը․ քանի որ բուհերում ժամաքանակն այնպես է բաշխվում, որ այդ կառույցների դասախոսներն ապահովված լինեն ամբողջական դրույքով, գիտական կազմակերպություններից եկած գիտնականների համար շատ քիչ ազատ դասաժամեր են մնում։ 

Գևորգ Քառյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ, իսկ մենք վերադառնանք զեկույցին։ 

Հետազոտության հեղինակները 2019-ին զրուցել էին նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ընդգծել էին՝ կարծես թե քաղաքական մտածողության փոփոխություն է առաջանում՝ միտված ողջ գիտությունը համալսարաններ տեղափոխելուն, ապա նշել՝ հնարավոր է աստիճանական անցում, ոչ թե հեղափոխական:

Առաջարկներ և սցենարներ

«Հայաստանում գիտության ոլորտի կատարողականի և հասարակական ու տնտեսական համապատասխանությունը բարելավելու տարբերակներ» բաժնում փորձագետները կառավարությանը մի քանի առաջարկներ են ներկայացնում, այդ թվում՝

  • բարձրագույն կրթության հատվածը համախմբել սահմանափակ թվով (5-6) բազմապրոֆիլ համալսարանների շուրջ, որոնք կիրականացնեն և′ բարձրագույն կրթություն, և′ հետազոտություններ,
  • ապահովել գիտական հետազոտությունների պետական ֆինանսավորման մակարդակի զգալի աճ,
  • իրականացնել ԳԱԱ դերի փոփոխություն՝ այն դարձնելով ակադեմիական հանրույթ (learned society), ինչպես եվրոպական շատ երկրներում։

Հետազոտության հեղինակները հաջորդ՝ «Համախմբման և փոխգործակցության խթանմանն ուղղված միջոցառումներ» բաժնում բարձրագույն կրթություն-գիտություն համագործակցության երեք սցենար են առաջարկում՝ նշելով․ 

«Սույն զեկույցի նպատակը Հայաստանում ներկայումս գործող երեք հիմնական տիպի գիտահետազոտական ինստիտուտների (ԳԱԱ ինստիտուտներ, պետական ինստիտուտներ և համալսարաններում գործող լաբորատորիաներ ու ինստիտուտներ) միաձուլման կամ միավորման վերաբերյալ որոշումների կանխումը չէ՛: Այսուհանդերձ, հետազոտական համակարգի հետագա միավորման հնարավոր սցենարները հետևյալն են․

  • Ներկա վիճակի պահպանում՝ հետազոտական ինստիտուտների երեք հիմնական տեսակներով, և ջանքերի գործադրում՝ ուղղված համագործակցությանն ու ժամանակի ընթացքում հետազոտական ինստիտուտների «կամավոր» միավորումներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները։
  • ԳԱԱ և այլ ինստիտուտների ինտեգրում բուհերի կառուցվածքում, որի դեպքում այդ ինստիտուտների աշխատակիցները դառնում են համալսարանների անձնակազմի անդամներ։ Այս գործընթացի իրականացման համար ժամանակ է հարկավոր. Էստոնիայում, օրինակ, համալսարանների կառուցվածքում Գիտությունների ակադեմիայի նախկին ինստիտուտների լիարժեք ինտեգրման համար պահանջվեց ավելի քան մեկ տասնամյակ։
  • Համալսարաններում հետազոտությունների հզորացում, ԳԱԱ և այլ գիտահետազոտական ինստիտուտների վերակազմավորում պետական աջակցություն ունեցող մեկ կամ մեկից ավելի հետազոտական կազմակերպությունների, ինչպիսիք գործում են եվրոպական երկրներում (օրինակ՝ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (CNRS), Fraunhofer, Leibniz, Helmholtz և Max-Planck ինստիտուտները՝ Գերմանիայում և այլն)։ Այս մոդելում հետազոտողները հաճախ ունենում են երկակի կարգավիճակ՝ համարվելով և′ համալսարանների, և′ ինստիտուտների աշխատակիցներ, իսկ պետական ինստիտուտները համատեղ կարող են տարածքներ զբաղեցնել համալսարաններում»։

Այս զեկույցի հրապարակումից մի քանի տարի անց՝ 2023-ի հուլիսին, Հայաստանի գիտական համայնքի ներկայացուցիչները քննարկում էին կազմակերպել զեկույցի համահեղինակներ Ալասդաիր Ռեիդի և Գորան Մելինի մասնակցությամբ։

Քննարկան ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը հիշեցրեց, որ զեկույցում գիտական համակարգը փոփոխելու երեք սցենար է առաջարկվում, սակայն հեղինակների՝ կառավարությանն ուղղած խորհուրդները համընկնում են հենց երկրորդ՝ միավորման տարբերակին՝ չներկայացնելով հիմնավորումներ, թե ինչու է պետք ընտրել հենց երկրորդ սցենարը։

Ի պատասխան՝ Ալասդաիր Ռեիդը նշեց՝ իրենք հակված չեն եղել որևէ սցենար ընտրելու։ Նա հիշեցրեց, որ զեկույցում էլ են շեշտել՝ Ակադեմիայի ինստուտների միավորումը համալսարաններին ուրիշ երկներում տասնամյակներ է տևել, և շտապելու դեպքում ինստիտուտների արդյունավետ խմբերը կարող են վտանգվել։ 

«Առանց անդրադառնալու ԳԱԱ-ին՝ որպես ամբողջական կառույցի, մենք նկատել էինք, որ ԳԱԱ-ում կան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք բավականին լավ են աշխատում: Մեր հիմնական մտահոգությունն այն էր, որ համակարգի ներսում համագործակցություն լինի։ Կան տարբեր մոդելներ, մենք այդ մասով առաջարկներ ենք ներկայացրել: Մեր նպատակն ի սկզբանե անջրպետի նվազեցումն էր Ակադեմիայի, գերատեսչությունների ենթակայությամբ գործող ինստիտուտների ու բարձրագույն կրթական համակարգի միջև։ …. Չէի ասի՝ զեկույցում մենք խորհուրդ ենք տվել կոնկրետ մեկ սցենար։ Կարծում եմ, որ երեք սցենարներն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը և պետք է իրականացվեն շատ զգույշ ու կշռադատված ազգային տեսլականի համատեքստում, թե ինչպես պիտի գիտությունը, հետազոտությունն ու մշակումները (R&D) նպաստեն ազգային զարգացմանը»։

Արդյո՞ք Հայաստանի ազգային զարգացումից է բխում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկած բարեփոխումների գործընթացը՝ դժվար է ասել։ Գործընթացում դեռ շատ հարցեր են անպատասխան մնում, այդ թվում՝ բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի, դրա կազմում կամ դրանից դուրս գիտական կազմակերպությունների կարգավիճակները։ 

 ⇑ 

 

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ հավերժ լրամշակվող նախագիծը

2018-ի իշխանափոխությունից առաջ Հայաստանն ուներ Կրթության և գիտության նախարարություն, իսկ նախարարն էր Լևոն Մկրտչյանը։ Այդ կառավարության օրոք մեկնարկել էր բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթաց, ձևավորվել էր աշխատանքային խումբ։ Գործըթացին աջակցում էր նաև միջազգային փորձագիտական խումբ, որը, հիմնվելով Դանիայի փորձի վրա, բուհերի դասակարգման մոդել էր մշակել։ 

2017-ին հանրային քննարկման ներկայացվեցին «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի», ինչպես նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքի, «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքի նախագծերը։ 2018-ի հունվարի դրությամբ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն արդեն ներկայացված էր Ազգային ժողովի (ԱԺ) հաստատմանը։

2018-ի գարնանն իշխանափոխություն տեղի ունեցավ, և նոր կառավարությունը սկսեց բարձրագույն կրթական և գիտական համակարգերի սեփական բարեփոխումները։

2018-ի հոկտեմբերին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը խոսեց ոլորտի բարեփոխումներից։ Նա նախ նշեց, որ և՛ բուհական, և՛ գիտական համակարգում օպտիմալացումների անհրաժեշտություն կա։ Ապա ասաց, որ չնայած կառավարությունն ի սկզբանե ցանկանում էր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծ շրջանառել, սակայն ի վերջո որոշում կայացվեց բարձագույն կրթությունն ու գիտությունը կարգավորող առանձին օրենքների փոխարեն ունենալ միասնական օրենք։

2019-ի հունիսին՝ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, արդեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը կրկին խոսեց գիտության և բարձրագույն կրթության ոլորտների միավորման մասին և հիշեցրեց, որ կառավարությունը 2018-ից սկսել է մշակել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։

Անդրադառնալով բուհերին՝ նա խոսեց Պոլիտեխնիական համալսարանն ու Ճարտարապետության և շինարարության համալսարանը միավորելու նպատակադրության մասին։

Այսպիսով, այն, որ կառավարությունը բուհերն օպտիմալացնելու և բարձրագույն կրթությունն ու գիտությունն ինտեգրելու մտքեր ունի, պարզ էր արդեն 2018-ի ավարտին և 2019-ի կեսերին։

2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագծից պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր էր գիտական կազմակերպությունները հանել ԳԱԱ համակարգից։

«Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով․ կայացվող որոշումները ենթակա են վավերացման Ակադեմիայի նախագահության համապատասխան բաժանմունքների կողմից»,- ասվում էր նախագծի հիմնավորման մեջ։

Օրենքի նախագծով սահմանվում էր, որ ԳԱԱ-ն ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է ակադեմիական գիտական տիտղոսներ ունեցող և Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականներին:

«Ակադեմիայի հիմնական գործառույթը գիտության զարգացման և գիտահետազոտական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև հանրապետության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով խորհրդատվության տրամադրումն է»,- նշվում էր նախագծում։

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը սահմանում է, որ ԳԱԱ-ն հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է։ Օրենքի 11-րդ հոդվածում նշվում է, որ ԳԱԱ-ն իր կազմում, ի թիվս այլնի, միավորում է Ակադեմիայի բաժանմունքները, աշխատակազմը և կազմակերպությունները, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը:

Այն կետն, ըստ որի՝ Ակադեմիան իր կազմում միավորում է նաև գիտական կազմակերպություններ, փաստորեն, դուրս էր մնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծից։ Իսկ նախագծի ընդունումից հետո «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն ուժը կորցված էր ճանաչվելու։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով նաև սահմանվում էր, որ գիտական կազմակերպություններն ունենալու են 8 հոգուց կազմված կառավարման խորհուրդ և կարողանալու են այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտահետազոտական, գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով։ 

Իսկ հիմնավորման մեջ նշվում էր, որ նախագծով անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։

Հարկ է նաև նշել, որ ըստ նախագծի՝ ԳԱԱ-ն կարողանալու էր ստեղծել գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր՝ գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով: 

ԳԱԱ-ում այս նախագիծը դժգոհություններ առաջացրեց։ ԳԱԱ այն ժամանակվա նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ նախագծի որոշ կարգավորումներ նշանակում են «քանդել Ակադեմիան»։

 

Այդ ժամանակ նաև խոսակցություններ կային, թե առաջարկվող փոփոխություններով գիտական կազմակերպությունները միացվելու են բուհերի ֆակուլտետներին։ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան, ասաց, որ գիտական ինստիտուտները բուհերի ֆակուլտետների հետ պարտադիր միավորելու որևէ իրավակարգավորում օրենքի նախագծում առկա չէ, և խոսքը բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելու մասին է։

Անկախ ԳԱԱ-ից հնչող մտահոգություններից՝ օրենքի նախագիծը 2020-ի ավարտին արդեն ԱԺ-ում էր։ Օրենքն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց մարտին, սակայն նախագահն այն չստորագրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով որոշ դրույթներ։ ՍԴ-ն օգոստոսին որոշում հրապարակեց՝ հակասահմանադրական ճանաչելով օրենքի որոշ դրույթներ (այդ դրույթները վերաբերում էին բուհերի ինքնավարությանը)։

ԳԱԱ նախագահի ընտրություններն ու օպտիմալացման օրակարգը

2020-ի ավարտին Արայիկ Հարությունյանը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ, և նոր նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը։

Մինչ որոշ դրույթներով հակասահմանադրական ճանաչված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը լրամշակման փուլում էր, ԳԱԱ-ում 2021-ին տեղի ունեցան նախագահի ընտրություններ։ Նոր նախագահ ընտրվեց մինչ այդ Հայկենստեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Սաղյանը։ 


Աշոտ Սաղյանը

Ընտրվելուց հետո Աշոտ Սաղյանը հայտարարեց, որ եկել է ԳԱԱ-ն բարեփոխելու։ ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ուղղությունների օպտիմալացումն իր ծրագրի գլխավոր կետերից մեկն է։ 

Աշոտ Սաղյանն անդրադարձավ նաև գիտական ինստիտուտները ԳԱԱ համակարգից հանելու մասին խոսակցություններին․ «Սա (ԳԱԱ-ն,- խմբ․) կայացած համակարգ է, որն աշխատում է։ Կայացածը քանդելն, ինչ-որ նոր բան հորինելը ոչ միշտ է, որ արդարացնում է։ Ընդհակառակը՝ պետք է գտնել սխալները, փորձել ուղղել սխալները և առաջ գնալ»։

ԳԱԱ նախագահն ասաց, որ կրթության և գիտության միաձուլում, վերջիվերջո, պետք է տեղի ունենա։

Աշոտ Սաղյանն ասաց, որ այդպիսի նախադրյալ է երկու համակարգերի միջև համագործակցության ուժեղացումը, քանի որ հենց համագործակցության ուժեղացումից հետո պարզ կդառնա, թե ինչպիսի միավորումներ կարելի է իրականացնել․ «Եվ դա կլինի արդեն ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային [միավորում]»։

Ընտրվելուց մեկ ամիս անց՝ իր հարցազրույցներից մեկի ժամանակ, ԳԱԱ նախագահն ասաց, որ երբ Արայիկ Հարությունյանի՝ նախարար եղած ժամանակ առաջին անգամ սկսվել են գիտական ինստիտուտների ու բուհերի հնարավոր միավորման մասին խոսակցությունները, իրենք հանդիպումներ են ունեցել, առաջարկել են միջանկյալ ժամկետ սահմանել և փորձել խթանել համագործակցությունը բուհերի ու ինստիտուտների միջև։ Նա նաև ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում այդ համագործակցությունը։

Աշոտ Սաղյանի խոսքով այս ամենին զուգահեռ պետք էր ինստիտուտներում ստեղծել համալսարանական մասնագիտական ամբիոններ․ «Դա ավտոմատ ձևով, ինքն իրեն բերելու է նրան, որ պարզ է դառնալու՝ որ ինստիտուտը համալսարանի որ ֆակուլտետի հետ կարող է միանալ»։

Օրենքի լրամշակված նախագիծը

2021-ի հոկտեմբերին շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը համապատասխանեցված էր ՍԴ որոշման պահանջներին։

Այդ շրջանի հայտարարություններից տեղեկանում ենք, որ շրջանառված նոր տարբերակում նույնությամբ պահպանված են եղել ԳԱԱ-ին ու գիտական կազմակերպություններին վերաբերող հոդվածները (նախագծի նախնական տարբերակը համացանցում առկա չէ)։ Նախագծի ամփոփաթերթում, սակայն, երևում է, որ ԳԱԱ-ից փոփոխությունների մի քանի առաջարկներ են եղել, որոնք ընդունվել են։

2022-ի հունվարին ԿԳՄՍՆ-ից Հանրային հեռուստաընկերությանը հայտնեցին, որ կառավարությունն ընդունել է ԳԱԱ-ի՝ լրամշակման առաջարկները։ Կատարված փոփոխություններից հետո նախագծի՝ ԳԱԱ-ին վերաբերող բաժնում սահմանվում էր, որ այն իր կազմում միավորում է նաև ԳԱԱ համակարգի կազմակերպությունները: Օրենքի նախագծով նշվում էր, որ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների կառավարման առանձնահատկությունները սահմանվելու են Ակադեմիայի կանոնադրությամբ:

Փոփոխություն կար նաև ԳԱԱ գործառույթների նկարագրության մեջ․ եթե օրենքի նախնական տարբերակում խորհրդատվության տրամադրումն ակադեմիայի հիմնական գործառույթն էր, ապա փոփոխված տարբերակում դա լինելու էր նրա գործառույթներից մեկը միայն։

Օրենքի նախագծի հոդվածներից մեկն էլ սահմանում էր, որ Ակադեմիայի ղեկավար կազմում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին:

ԳԱԱ նախագահը հունվարին, անդրադառնալով կառավարության կողմից իրենց առաջարկներն ընդունելու փաստին, նշեց, որ նախարար Վահրամ Դումանյանի հետ երկար քննարկումներ են ունեցել թեմայի վերաբերյալ։ 


Կառավարությունը, փաստորեն, 2022-ի սկզբին ընդառաջ գնաց ԳԱԱ առաջարկներին․ օրենքի նոր նախագծով հնարավորություն էր ստեղծվում ԳԱԱ կազմում գիտական կազմակերպություններ ունենալու։

Նախագծի հիմնավորման մեջ շարունակում էր մնալ այն ձևակերպումը, թե գիտական կազմակերպությունները բուհերի կազմում ընդգրկվելու իրավական հիմքեր են ստեղծվելու։ 

Նշենք, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետն այս նախագծի վերաբերյալ 2020-ի փետրվարին փաստաթուղթ հրապարակեց՝ անդրադառնալով նաև հիմնավորման մեջ արված այս ձևակերպմանը և նշելով, որ այդպիսի իրավական հիմքեր օրենքով փաստացի ստեղծված չեն։ 

ԳԱԱ ակդեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը 2023-ի սկզբին մեզ տված հարցազրույցում պատմում էր, որ 2022-ի հուլիսին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծն իր վերջնական փուլում էր, համաձայնեցված էր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի միջև ու պիտի ուղարկվեր ԱԺ։ Սակայն ամռանն այն չուղարկվեց ԱԺ, քանի որ, ըստ Արթուր Իշխանյանի, կառավարությունը նախընտրեց սկզբում գնահատել իրավիճակը, ապա ռազմավարական որոշումներ կայացնել, որոնցից էլ պետք է բխեր նոր օրենքը։

Սեպտեմբերի վերջին ներկայացվեց օրենքի ևս մի լրամշակված տարբերակ։ Այս տարբերակում պահանվել էր այն կարգավորումը, ըստ որի՝ ԳԱԱ-ն իր կազմում միավորում է այդ թվում գիտական կազմակերպությունները։ Սակայն անցումային դրույթներում ավելացել էր նոր կետ:

Այս նոր նախագծի ներկայացմանը նախորդել էր «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրի» հրապարակումը։ Իսկ այս ծրագրում որպես իրականացվելիք քայլեր ներառվել էին ակադեմիական քաղաքի ստեղծումը, բուհերի խոշորացումը և դրանց գիտական կազմակերպությունների միացումը։ 

 ⇑ 

 

Ակադեմիական քաղաքն ի սկզբանե բուհերի մասին էր

Ակադեմիայում ընտրություններին ու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված տարբերակը շրջանառելուն զուգահեռ Հայաստանում արդեն սկսվել էին ակադեմիական քաղաքի մասին խոսակցությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարի մասին առաջին անգամ խոսեց 2021-ի մարտին, երբ այցելել էր ԿԳՄՍՆ։ 

Վարչապետը հավելեց, որ բազմաթիվ բուհեր իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին։ 


Այս և հետագա հայտարարությունները փաստում են, որ ակադեմիական քաղաքի գաղափարը ի հայտ է եկել առավելապես բարձրագույն կրթական համակարգի խնդիրները լուծելու համատեքստում։ 

Նիկոլ Փաշինյանն ակադեմիական քաղաքի գաղափարին երկրորդ անգամ անդրադարձավ մի քանի օր անց՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ այցելել էր Արմավիրի մարզի Արագած գյուղ (հիշեցնենք՝ 2021-ին սպասվում էին խորհրդարանական արտահերթ ընտրություններ, և գարնանը նախընտրական քարոզարշավի փուլն էր)։ Իր ելույթում Փաշինյանը կրկին խոսեց բուհերի խնդիրներից (ելույթը կարող եք դիտել 29։25 րոպեից)։


Հենց այս ելույթից հետո հանրության շրջանում սկսեց լայնորեն քննարկվել ակադեմիական քաղաքի թեման։ Վարչապետի՝ «Այդ շենքերը հանենք վաճառքի, ձևավորված գումարներով Երևանից դուրս կառուցենք քաղաք» ձևակերպումը մինչև այսօր էլ շարունակում է քննարկվել։ 

Ելույթից երկու օր անց վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» թեմայի շուրջ մեկնաբանություն վերցրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից։ Դումանյանը նշեց՝ նպատակը «բուհերը ծախելը» չէ, և սա «բարձրագույն կրթության և գիտության զարգացմանն ուղղված առաջմղիչ և խթանող գաղափար է»։


2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիրը»։ Կուսակցության նախընտրական ծրագրում՝ ո՛չ «Կրթություն», ո՛չ «Գիտություն» բաժնում ոչինչ չէր նշվում ակադեմիական քաղաք կառուցելու կամ բուհերը խոշորացնելու և գիտական կազմակերպությունները բուհերին միավորելու մասին։ 

Օգոստոսին, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, կրկին բարձրագույն կրթության և բուհերի խնդիրների համատեքստում խոսեց ակադեմիական քաղաքի մասին։


Իսկ գիտության մասին խոսելիս Փաշինյանը նշեց կառավարության կողմից գիտնականների աշխատավարձերի և ասպիրանտական կրթաթոշակների բարձրացումը, գիտական ենթակառուցվածքների բարելավումը։ Ելույթի այս հատվածում նա չխոսեց ակադեմիական քաղաքի կամ գիտական կազմակերպությունները բուհերին միացնելու մասին։ 

Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի «Կրթություն» բաժնում ասվում էր, որ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն, ի թիվս այլնի, միտված են լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն։

«Այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն»,- ասվում էր ծրագրում։ 

Իսկ «Գիտություն» բաժնում, ի թիվս այլ գործողությունների, նշվում էին համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծումն ու հարակից բնագավառներում հետազոտություն իրականացնող փոքր գիտական կազմակերպությունների միավորումը խոշոր գիտական կենտրոններում։

Այսպիսով, մինչև այդ պահը հնչած պաշտոնական հայտարարություններն ու կառավարության ծրագիրը փաստում են՝ ակադեմիական քաղաքի գաղափարն ի սկզբանե օրակարգ է բերվել բարձրագույն կրթական համակարգի խնդիրները լուծելու համատեքստում։ 

 ⇑ 

 

Գիտական կազմակերպությունների օպտիմալացումը

2022-ի գործընթացները վկայում էին այն մասին, որ կառավարության ու Գիտությունների ազգային ակադեմիայի միջև երկխոսությունը սկսել էր ստացվել։

Ինչպես և Աշոտ Սաղյանը հայտնել էր ԳԱԱ նախագահ ընտրվելիս, ինստիտուտների օպտիմալացման շուրջ սկսեցին առաջին քայլերն իրականացվել։ 2022-ի սկզբին հայտնի դարձավ, որ ինստիտուտների օպտիմալացման գործընթացն իրականացվում է ԳԱԱ-ի և ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի համագործակցությամբ։

2022-ի սկզբին, ի պատասխան «Հետքի» հարցման, Կոմիտեից նշել էին, որ ծրագրի էությունն է մասնագիտություններով մոտ գիտահետազոտական ինստիտուտները միավորել խոշոր կենտրոնների մեջ, որոնց համար ժամանակակից և հագեցած միջավայրում ստեղծվելու է մրցունակ գիտությամբ զբաղվելու հնարավորություն: Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել մինչև 2026-ը՝ ունենալով տարեկան 1-2 միավորված կենտրոն (սկսած 2023-ից): 

«Պետք է ճիշտ ընկալենք, որ վերջին տարիներին լուրջ բարեփոխումներ չեն կատարվել ԳԱԱ համակարգում, և դրանք այսօր պահանջված են: Դա մեզանից պահանջում է և՛ երկրի ղեկավարությունը, և՛ հասարակությունը, դա հասկանում է և գիտական աշխարհը»,- «Հետքի» հարցին ի պատասխան՝ նշել էր ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

Իսկ այս տարվա սկզբին «Ինֆոքոմին» տված հարցազրույցում ԳԱԱ նախագահը պատմում էր, որ իրենք ինստիտուտների խոշորացման մոդելները համաձայնեցնում էին Գիտության կոմիտեի նախագահի և ԿԳՄՍ նախարարի հետ։

 ⇑ 

 

Բարձրագույն կրթության թիրախները

2022-ի փետրվարին կառավարությունը հանրային քննարկման համար շրջանառության մեջ դրեց «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը», որտեղ խոսվում էր հանրակրթության և բարձրագույն կրթության խնդիրների մասին, ինչպես նաև այդ խնդիրներին լուծումներ էին առաջարկվում։ 

Ծրագրում բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունները բուհերին միացնելու մասին անուղղակի ակնարկ կար միայն։ Մասնավորապես, կրթության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում էր ցանցային կրթական համակարգերի ներդրում։


Հուլիսին կառավարությունը հաստատեց ծրագիրն ու ուղարկեց ԱԺ (նախագծի՝ ԱԺ ուղարկված տարբերակը կարող եք կարդալ այս հղմամբ)։ 

Բուհերը խոշորացնելու, գիտական կազմակերպությունները բուհերին միավորելու մասին հստակ կետերը հայտնվեցին ծրագրի նախագծի՝ կառավարության հաստատած տարբերակում։

Ծրագրում (կառավարության հաստատած տարբերակում) բարձրագույն կրթության մի շարք խնդիրներ էին առանձնացվում։ Ստորև մեջբերում ենք այն կետերը, որոնք կարևոր ենք համարում հոդվածում ներկայացվող թեմաների համատեքսում․

  • «Կարևորագույն խնդիր են ժամանակակից պահանջներին համապատասխան շենքերի և լսարանների պակասը, լաբորատոր սարքավորումների և նյութատեխնիկական բազայի ոչ բավարար հագեցվածությունը։
  • Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները միջազգային վարկանիշավորման աղյուսակներում ներառված չեն լավագույն հինգհարյուրյակում։
  • Բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում, առավելապես՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերում, հետազոտական և կրթական բաղադրիչները համահունչ չեն:
  • Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի միջազգային գրավչությունը: Հայաստանի դիրքը կարիք ունի առավել ամրապնդման ինչպես երկրի բուհերը աշխարհի լավագույն բուհերի ցանկում ընդգրկելու, այնպես էլ մեր կրթական նորարարությունները համաշխարհային հարթակներում ճանաչելի դարձնելու առումով»։

Այնուհետև փաստաթղթում ներկայացվում էր բարձրագույն կրթական համակարգի զարգացման տեսլականը։ Ի թիվս այլնի՝ ծրագրով նախատեսվում էր իրականացնել հետևյալ քայլերը․

  • «Պետական բուհերի խոշորացում՝ ըստ ուղղությունների, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորում՝ հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով։
  • Բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայում, այդ թվում՝ բուհական կառավարիչներին ներկայացվող պահանջների և նկարագրերի սահմանում, վերաորակավորման, պարտադիր վերապատրաստման համակարգի իրավական հենքի ներդրում, խոշորացված բուհերում կառավարման այլընտրանքային մոդելների փորձարկում, ժամանակավոր կառավարիչների նշանակում։
  • Ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ»։

Ծրագրի վերջում ներկայացվում էին դրա իրականացումից ակնկալվող արդյունքները․

  • «Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 (ծրագրի վերջնական հաստատված տարբերակում 5-8 բուհի փոխարեն նշվում է մինչև ութ,- խմբ․) բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը,
  • Առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային (Times Higher Education World University Rankings, QS World University Rankings կամ ARWU, Shanghai Ranking) աղյուսակների լավագույն 500-ի մեջ։
  • Կրթություն-գիտություն փոխգործակցություն, ասպիրանտների թվի կտրուկ աճ։
  • Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն, որի շնորհիվ օտարերկրյա ուսանողների թիվն առնվազն կկրկնապատկվի»։

Այսպիսով, ակադեմիական քաղաքի ստեղծման, բուհերի խոշորացման և դրանց գիտական կազմակերպությունների միացման հիմքում ընկած են «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը» և դրանից բխող «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։

 ⇑ 

 

Մասնակի՞, թե՞ ամբողջական միավորում

2022-ի նոյեմբերի 8-ին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ստեղծվեց։ Այն պետք է մինչև նոյեմբերի 30-ը մշակեր և վարչապետին ներկայացներ բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք, որտեղ, ի թիվս այլնի, պետք է առաջարկներ ներկայացվեին՝

  • Հայաստանում ձևավորվելիք բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության,
  • համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ։

Աշխատանքային խումբը կազմված էր պաշտոնյաներից. միակ անդամը, որը պետական պաշտոնյա չէր, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էր։ Աշխատանքային խումբը ղեկավարում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը, հիշեցնենք, մինչև 2020-ի ավարտը ԿԳՄՍ նախարարն էր։ 

Այս տարվա սկզբին «Ինֆոքոմին» տված հարցազրույցում Աշոտ Սաղյանը պատմեց, որ աշխատանքային խմբում գիտական ինստիտուտներին վերաբերող երկու առաջարկ է եղել․ ինքը ներկայացրել է Ակադեմիայի տարբերակը, Գիտության կոմիտեի (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե) նախագահ Սարգիս Հայոցյանը՝ կառավարության տարբերակը։ 

ԳԱԱ նախագահը նշեց, որ ինքը նախ առաջարկել է, որ համալսարաններին միանան գիտական ինստիտուտների այն ստորաբաժանումները, որոնք բովանդակային առումով համընկնում են դրանց։ Դրանից հետո Սաղյանը ներկայացրել է ևս մի առաջարկ, ըստ որի՝ համալսարաններին կարող են միանալ ամբողջական ինստիտուտներ, եթե դրանք իրենց մասնագիտական գործունեությամբ համապատասխանում են տվյալ համալսարանին։ Նրա առաջարկը ենթադրում էր, որ ոչ բոլոր ինստիտուտները պետք է միանան համալսարաններին, իսկ չմիացած ինստիտուտների ու համալսարանների միջև պիտի համագործակցության ծրագրեր իրականացվեն։

Դեռ 2023-ի սկզբին էր ԳԱԱ նախագահը «Հետքին» տված հարցազրույցում ասել, որ կառավարության առաջարկը ենթադրում էր գիտական բոլոր կազմակերպությոնների միավորումը բուհերին։ 

Մինչ քննարկվում էին այս առաջարկները, ԱԺ-ում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով, հիշեցնենք, նախատեսվում էր ակադեմիական քաղաքի ստեղծումը, բուհերի խոշորացումն ու գիտական կազմակերպությունների միացումը բուհերին։

Դեկտեմբերին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարական ներկայացրեց, և նոր նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը, որը մինչ այդ եղել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ համակարգելով հանրակրթության ոլորտը։

Իր նախարար եղած ժամանակահատվածի կարևոր ծրագրերն ամփոփելով՝ արդեն նախկին նախարար Դումանյանը հիշեցրեց նաև, որ ԳԱԱ-ի հետ սկսել են ինստիտուտների օպտիմալացման գործընթաց, որը, ինչպես պարզվելու էր հետագայում, պետք է առկախվեր։

2023-ն արդեն լինելու էր ակադեմիական քաղաքին և բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորմանը վերաբերող կարևոր որոշումների ու հայտարարություններ տարի։ 

 ⇑ 

 

Ակադեմիայի առկախված բարեփոխումները

2022-ի ավարտին կառավարությունը ներկայացրեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Նախագծով փոփոխություններ էին առաջարկվում, որոնք վերաբերում էին գիտական սարքերի ձեռքբերմանը, գիտնականների հավելավճարներին և այլն։ 

Կառավարությունը օրենքի նախագծում ներառել էր նաև ԳԱԱ-ի ներկայացրած մի քանի փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում էր, որ ԳԱԱ-ն ունենա կառավարման խորհուրդ, որտեղ կներառվեն ԿԳՄՍՆ առաջադրած ներկայացուցիչներ։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել էր, որ այսպիսի ներկայացուցչական կառավարումն ավելի կհեշտացնի կառավարության հետ երկխոսությունը։

Նախագծով նաև առաջարկվում էր, որ ԳԱԱ ղեկավար կազմում ընդգրկված անձանց 75 տարին լրանալուն պես նրանց լիազորությունները դադարեցվեն։

Օրենքը 2023-ի մարտին ԱԺ հասավ լրամշակված տարբերակով։ Լրամշակված տարբերակում նոր հոդված էր ավելացել, որով առաջարկվում էր Գիտության կոմիտեի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, ինպես նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի միավորմամբ ստեղծել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Այս կոմիտեն պիտի համակարգեր բարձրագույն կրթության և գիտության ոլորտները, ինչպես նաև գիտական կոչումների շնորհման գործընթացը։

Նախագծի առաջին քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք ավելի ճիշտ չէ ԳԱԱ-ին վերաբերող փոփոխությունները կատարել ոչ թե «Գիտական և գիտատեխնիկական գործունեության» մասին, այլ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում։ Պատգամավորը նշեց, որ նախագծով այնպիսի փոփոխություններ են առաջարկվում ԳԱԱ կառավարման համակարգում, որոնք կարող են հակասություններ ունենալ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի հետ։

Կառավարությունն ընդունեց այս դիտարկումն ու օրենքի նախագծից հանվեցին ԳԱԱ-ին վերաբերող կետերը։ Մյուս կետերը պահպանվեցին, և օրենքի ընդունումից հետո նախկին Գիտության կոմիտեն դարձավ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։

ԳԱԱ նախագահը 2024-ի սկզբին «Ինֆոքոմին» պատմեց, որ իրենք դրանից հետո կառավարությանը ներկայացել են նաև «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որին ընթացք չի տրվել՝ պայմանավորված նրանով, որ սպասվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հրապարակումը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, որ ԳԱԱ առաջարկները ներառել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքում։ Օրենքը հիմա մշակման փուլում է, կառավարությունը պատրաստվում է այն շրջանառության մեջ դնել այս տարի։ 

ԳԱԱ բարեփոխումների օրակարգը ներառում է նաև այլ հարցեր․ կառույցը ցանկանում է ԳԱԱ անդամ դառնալու նոր չափանիշներ սահմանել ու անդամների ընտրություններ անցկացնել, խոշորացնել բաժանմունքները՝ 5-ից դարձնելով 2, կատարել ինստիտուտների օպտիմալացում (մանրամասները կարող եք լսել ԳԱԱ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալի հետ հարցազրույցում

Այս փոփոխությունները կարող են կատարվել «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում և կամ Ակադեմիայի կանոնադրության մեջ։ Բոլոր դեպքերում էլ անհրաժեշտ է կառավարության հավանությունը։ Այս թեմային ԳԱԱ Նախագահն անդրադարձավ 2024-ի ապրիլին՝ Ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ։

Ժաննա Անդրեասյանը, սակայն, համաձայն չէ, որ կառավարությունը խոչընդոտում է ԳԱԱ բարեփոխման գործընթացը։ Անդրադառնալով այն հարցին, որ ակադեմիական քաղաքի կառուցման և գիտական կազմակերպությունները բուհերին միացնելու խոսակցությունների ֆոնին առկախվել է ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացումների գործընացը, ԿԳՄՍ նախարարը նշում է՝ օտպիմալացումներն զուգահեռ պետք էր բարելավել նաև նոր ստեղծվող կենտրոնների ենթակառուցվածքները։

 ⇑ 

 

Կառավարության հայտարարությունը, որն «ընդամենը հայտարարություն էր»

2023-ի ապրիլին ստեղծվեց «Ակադեմիական քաղաք հիմնադրամը, ավելի ուշ հաստատվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 

Հուլիսի 17-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հրավիրելով բուհերին ու գիտական կազմակերպություններին խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։

Նախարարությունն այս հայտարարությամբ ներկայացրեց, թե 2022-ի ավարտին ստեղծված աշխատանքային խումբը բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման ինչ ուղղություններ է առաջարկել․ 

  • «Դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունների՝ ներառյալ բնագիտական, հասարակական և հումանիտար բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր,
  • Բժշկական, որում ներառվելու են բժշկական և կյանքի գիտությունների բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր,
  • Տեխնոլոգիական, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր՝ ներառյալ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները և այլն,
  • Կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր,
  • Արվեստների, որում ներառվելու են արվեստների ուղղություններով (ինչպես տեսական, այնպես էլ կիրառական), ինչպես նաև մշակութաբանության մասնագիտություններով կրթական և գիտահետազոտական ծրագրեր
  • Սպայական, որում ներառվելու են ներքին և արտաքին անվտանգային համակարգին վերաբերող կրթական ծրագրեր, ինչպես նաև անվտանգային և պաշտպանական բնույթի գիտահետազոտական ծրագրեր»,

Հայտարարությամբ նաև նշվում էր, որ խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների մեծ մասը կլաստերների տեսքով տեղակայվելու է ստեղծվելիք ակադեմիական քաղաքում։ ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց՝ առաջարկների կսպասեն մինչև 2024-ի փետրվարը։ 


Իսկ կառավարության հայտարարության հետևյալ ձևակերպումը գալիս էր հաստատելու, որ 2022-ի ավարտին ձևավորված աշխատանքային խումբը չի ընդունել Ակադեմիայի նախագահի՝ մասնակի միավորման տարբերակն ու կառավարությանն առաջարկել է գիտական բոլոր կազմակերպությունները միավորել բուհերին։


Այս ձևակերպումը ենթադրում էր, որ այն գիտական կազմակերպությունները, որոնք չեն միանա բուհերին, չեն ստանա պետական ֆինանավորում, հետևաբար՝ պետական բոլոր գիտական կազմակերպություները 2027-ից պիտի միացած լինեն այս կամ այն խոշորացված բուհին։

Անդրադառնալով աշխատանքային խմբի առաջարկներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է՝ դա ներքին աշխատանքային խումբ էր, որի ներկայացրած առաջարկների հիման վրա որևէ իրավական ակտ կամ փաստաթուղթ չի ընդունվել։ 


Նշենք, որ ներկայումս «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համակարգմամբ 6 աշխատանքային խմբեր քննարկում են կլաստերների կառուցվածքը, սակայն այդ աշխատանքային խմբերից և ոչ մեկում ԳԱԱ նախագահությունը ներգրավված չէ․ դրանց քննարկումներին մասնակցում են միայն Ակադեմիայի ինստիտուտները։

Իսկ 2027-ից միայն խոշորացված բուհերին ու դրանց միացած գիտական կազմակերպություններին պետական ֆինանսավորում տալու մասին հայտարարության վերաբերյալ դիտարկմանը ԿԳՄՍ նախարարը տալիս է հետևյալ պատասխանը. «Դուք նկատե՞լ եք, որ դա ընդամենը հայտարարություն է, որը առաջարկ է համատեղ աշխատանքի»։

Նախարարի խոսքով կառավարությունը երբեք չի ասել, որ ամբողջ գիտությունը պետք է լինի ակադեմիական քաղաքում։ 

 ⇑ 

 

Հայեցակարգ, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հարցերի պատասխանում

2023-ի հուլիսի 21-ին հանրային քննարկման ներկայացվեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։ Կառավարությունն այն ընդունեց հոկտեմբերին (այսուհետ բոլոր մեջբերումներն արվելու են ծրագրի՝ հոկտեմբերին ընդունված վերջնական տարբերակից)։ 

Փաստաթղթում, ի թիվս այլնի, նշվում է, որ ակադեմիական քաղաքը «Կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով» սահմանված մի շարք թիրախների ապահովման առանցքային միջոց է։ Այնուհետև մեջբերվում են ծրագրի հետևյալ թիրախները՝

  • ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ,
  • առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։ 

Հատկանշական է, որ ըստ հայեցակարգի՝ ժամանակակից գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունենալը բխում է հենց այն թիրախներից, որոնք կառավարությունը սահմանել է բարձրագույն կրթության համար։

Այս 20 էջանոց փաստաթղթի մեծ մասը՝ 15 էջ, նվիրված է առավելապես ենթակառուցվածքների նկարագրությանը։ Հայեցակարգում նախ խոսվում է նախարարությյան կողմից ավելի վաղ ներկայացված համալսարանական ուղղություններից 4-ի՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական և Սպայական կլաստերների մասին (Դասական և Բժշկական կլաստերները հայեցակարգում ներառված չեն, քանի որ դրանց տեղափոխումն ակադեմիական քաղաք նախատեսվում է ավելի ուշ):

Այս 4 կլաստերների նկարագրությունն ու աշխատակիցների, ուսանողների թիվը ներկայացված են մոտավոր՝ հաշվի առնելով, որ դեռևս չկան կայացված որոշումներ, թե որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են միանալու իրար։

Ըստ հայեցկարգի՝ քաղաքի կառուցումը նախատեսվում է իրականացնել 2025-ից մինչև 2029-ի ավարտ՝ 2030-ին այն հանձնելով շահագործման։

Չնայած այս պնդմանը՝ ներկայումս առկա անորոշության պայմաններում առկախված է ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացումը՝ գործընթաց, որը իրականացվում էր կառավարության հետ համատեղ և բխում էր կառավարության 2021-2026 թթ․ ծրագրից։ Մինչդեռ ակադեմիական քաղաքի կառուցումը նախատեսվում է մեկնարկել միայն 2025 թվականին, իսկ քաղաքը ամբողջական շահագործման հանձնել՝ 2030-ին (նախագծի իրականացման, ժամանակացույցի մանրամասները կարող եք կարդալ այստեղ

Հայեցակարգում նաև հիշեցվում է, որ ԿԳՄՍՆ-ն բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրել է հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ: 

«Այս գործընթացի (նկատի ունի առաջարկների ներկայացումը,- խմբ․) արդյունքում ձևակերպվելու են նաև բուհական և հետազոտական համակարգի խոշորացման վերաբերյալ մասնագիտական հայեցակարգային մոտեցումները, որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»։

Հայեցակարգում հստակեցված չէ, թե ինչ կարգավիճակ են ունենալու բուհերն ու գիտական կազմակերպությունները կլաստերների ներսում, ինչպես են կառավարվելու կլաստերները, ինչպես է բուհերում հետազոտական բաղադրիչն ուժեղացվելու, ի վերջո՝ ինչպես է ծրագիրը նպաստելու գիտության զարգացմանը՝ հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման թիրախներն առավելապես ուղղված են բարձրագույն կրթությանը։

 ⇑ 

 

Միավորումը կնպաստի՞ գիտնականների թվի աճին

«Ինֆոքոմը» 2023-ի նոյեմբերին զրուցեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Մենք նախ փորձեցինք հասկանալ, թե բարեփոխումներից առաջ գիտության վերաբերյալ ինչ հետազոտություններ է իրականացրել կառավարությունը՝ հաշվի առնելով, թե այս գործընթացն ինչպիսի մեծ ազդեցություն է ունենալու ոլորտի վրա։ Սարգիս Հայոցյանը պատասխանեց՝ գիտական մասով ունեն վիճակագրություն։ 

Հայոցյանը խոսեց նաև գիտական համայնքի տարիքային անհամաչափ բաշխման մասին։ Այս խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ժամանակին գիտությունը բավարար քանակի կադրերով չի ապահովվել, և այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ միջին տարիքի (30-50 տարեկան) գիտնականների թվի պակաս կա․ գիտնականների մեծ մասը կա՛մ տարեց է, կա՛մ շատ երիտասարդ։ Ըստ Հայոցյանի՝ յուրաքանչյուր երեք կամ չորս օրը մեկ Հայաստանը համակարգից կորցնում է 50 տարեկանից բարձր մի գիտնականի։

Սարգիս Հայոցյանին հարցրինք, թե արդյո՞ք բարձրագույն կրթության և գիտության մեջ եղած խնդիրները լուծելու բոլոր տարբերակները սպառվել էին, որ որոշում կայացվեց բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորելու։

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի կարծիքով պնդումը, թե բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը կլուծի գիտության մեջ կադրերի խնդիրը, ընդամենը վարկած է։ Նա հարցադրում է անում, թե միավորումից հետո որն է լինելու ուսանողների մոտիվացիան գնալու գիտություն․ «Ենթադրում եմ՝ պետք է լինեն կրթական այնպիսի ծրագրեր, խրախուսման համակարգեր, որոնք ուսանողին դրդեն գնալ լաբորատորիա։ Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը, որ հիմա չկա դա»։ 

2023-ն ամփոփելիս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը հայտնել էր, որ 2022-ը եղել է միակ տարին, երբ Հայաստանում գիտնականների թվի աճ է գրանցվել, և նրանց թիվը մոտ 300-ով ավելացել է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանն էլ նշում է, որ բուհերի ու գիտական կազմակերպությունների համատեղ աշխատանքը երիտասարդ հետազոտողներ ներգրավման հիմնական ինստիտուտցիոնալ խողովակն է։

Նախարարը, սակայն, խոսում է նաև գիտական կազմակերպությունների ու բուհերի համագործակցության ժամանակ ի հայտ եկող խնդիրներից։

Բարձրագուն կրթության և գիտության կոմիտեի նախագահը դեռ  2023-ին, պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե ինչու անցած տարիների ընթացքում բուհերի և ինստիտուտների կապը հնարավոր չի եղել համագործակցության միջոցով ապահովել, նշել էր՝ պատճառն այն է, որ որ մինչև հիմա կապը փորձել են ապահովել գործող հարաբերությունների շրջանակում։ 

Հովակիմ Զաքարյանը, սակայն, հիշում է, որ ինքը դեռ 2000-ականներին, լինելով ԵՊՀ ուսանող, պրակտիկա է անցել գիտական տարբեր ինստիտուտներում և չի հանդիպել որևէ խոչընդոտի։ Նրա խոսքով մինչև հիմա իր ղեկավարած լաբորատորիան ընդունում է տարբեր բուհերի ուսանողների, և այդ մասով խոչընդոտ կամ բյուրոկրատական խնդիր չկա։ 

Սարգիս Հայոցյանը նշում է՝ կառավարությունը ցանկանում է քննարկել ու հասկանալ, թե ինչպես անել, որ կլաստերների ներսում ուսանողներն իրենց կրեդիտների որոշակի քանակ պարտավոր լինեն հավաքել գիտական լաբորատորիաներում։ Հովակիմ Զաքարյանը, սակայն, համաձայն չէ, որ դրա համար միավորումը պարտադիր է։

Գիտնականն ասում է՝ եթե կառավարությունը խոստանում է միավորմամբ գիտնականների թվի աճ ապահովել, ապա պիտի հիմնավորումներ ներկայացնի։

 ⇑ 

 

Հետազոտական համալսարաններ․ միավորումը լուծո՞ւմ է

Կառավարությունը համալսարաններում հետազոտական բաղադրիչի ուժեղացումը պատկերացնում է գիտական կազմակերպությունները դրանց միավորելով։ Արդյո՞ք միավորումը այս խնդրի լավագույն լուծումն է։

Հայաստանը հետխորհրդային միակ երկիրը չէ, որն ակախացումից հետո բախվել է համալսարաններում հետազոտական բաղադրիչն ուժեղացնելու խնդրին։

Հետազոտական ռեսուրսների կովկայսան կենտրոն (ՀՌԿԿ) - Հայաստանի գործադիր տնօրեն, սոցիոլոգ Սոնա Բալասանյանն ասում է՝ Խորհրդային Միությունում կրթության առանձնահատկությունն այն էր, որ այնտեղ, ի տաբերություն Արևմուտքի, պլանավորումն իրականացվում էր Խորհրդային երկրների շղթայի ներքո, և տարբեր երկրների հաստատությունների միջև պիտի համագործակցություն լիներ։ 

Խոսելով արդեն Հայաստանի մասին՝ Սոնա Բալասանյանը նշում է, որ խնդիրը ոչ այնքան այն է, որ Խորհրդային Հայաստանի համալսարաններում հետազոտական բաղադրիչը թույլ էր, այլ այն, որ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացավ ռեսուրսային և գոյաբանական ճգնաժամ․ «Այլևս շղթան գոյություն չունի, ու դու չգիտես՝ ինչպես ես շարունակելու որպես առանձին միավոր գոյություն ունենալ, երբ որ դու քեզ պատկերացնում էիր որպես համակարգի մաս»։

Հետխորհրդային երկրներն իրենց գիտական համակարգերը տարբեր կերպ զարգացրին․ ինչ-որ երկրներ պահպանեցին Գիտությունների ակադեմիաները, ինչ-որ երկրներ Ակադեմիաները դարձրին խորհրդատվական կառույցներ՝ նրանց համակարգից հանելով և համալսարաններին միացնելով գիտական կազմակերպությունները։ 

Հայաստանի կառավարությունը, կարծես թե, ավելի շատ գնում է հեղափոխական ճանապարհով։ Ակադեմիական քաղաքը խոստանում են շահագործման հանձնել 2030-ին, և ենթադրվում է, որ միավորումները տեղի կունենան հենց այդ տարի կամ գուցե դրանից առաջ։ Կառավարությունը մինչև հիմա չի խոսել միավորումներից առաջ պիլոտային ծրագիր իրականացնելու մասին։

Հարցին, թե ինչու նախ որևէ փորձնական միավորում չեն անում, տեսնում արդյունքները, ապա իրականացնում մյուս միավորումները, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանում է՝ պիլոտային ծրագիր արդեն իրականացվել է․ «Ես՝ որպես այս ոլորտում արդեն 20 տարուց ավելի ներգրավված անձ, շատ լավ հիշում եմ Ագրարային համալսարանի պիլոտը, երբ որ միավորվեցին Ագրարային համալսարանի հետ գիտահետազոտական ինստիտուտներ, և փորձ արվեց այդ մոդելը դնել»։

ԿԳՄՍ նախարարը խոսում է 2012-ին գերատեսչական երկու կենտրոններ Ագրարային համալսարանին միացնելու մասին։ Այդ ժամանակ համալսարանին միացան 2004-ին Գյուղնախարարության կազմում ստեղծված Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը և 2003-ին նույն նախարարության կազմում ստեղծված Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտը։ Այս միավորումը, սակայն, իրականացվել է 12 տարի առաջ և դուրս է ներկայումս կառավարության ձեռնարկած բարեփոխումների համատեքստից, հետևաբար դժվար է Ագրարային համալսարանին մի քանի գիտական կենտրոն միացնելը համարել պիլոտային ծրագիր սպասվող խոշորացումների ու միավորումների համար։

Հարցին, թե արդյո՞ք Ագրարային համալսարանին գիտական կազմակերպություների միավորումը հաջողված ծրագիր էր, նախարարը պատասխանում է․ «Մեզ մոտ բարեփոխումները կրթության ոլորտում ունեցել են մի խնդիր, որ դրանք իրականացվել են առավելապես որոշակի վերջնաժամկետների հետևելով և բովանդակային ռեֆորմի իմաստով ունեցել են շատ բացեր։ Եվ դա այդ օրինակներից մեկն է ինձ թվում»։ 

Ժաննա Անդրեասյանի խոսքով հենց այդ պատճառով էլ իրենք հուլիսի 17-ի հայտարարությամբ, որով, հիշեցնենք, ԿԳՄՍՆ-ն գիտական կազմակերպություններին ու բուհերին հրավիրում էր հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու, նպատակ ունեն փոփոխություններից առաջ բովանդակությունը հասկանալու։

 ⇑ 

 

Ինտիտուտների միավորումը բուհերին Վրաստանի օրինակով․ զուգահեռներ Հայատանի հետ

Հայաստանյան իրականությունում սպասվող միավորումներից խոսելիս հաճախ է բերվում հարևան Վրաստանի օրինակը, որտեղ անկախացումից հետո տեղի ունեցավ գիտական կազմակերպությունների միավորում բուհերին։ Շալվա Տաբատաձեն և Քեթևան Չաչխիանին իրենց «Համալսարանական հետազոտությունները և մշակումները (R&D) Վրաստանում» հոդվածում ներկայացնում են այս գործընթացն ու հետազոտական համայնքի տեսակետները դրանց արդյունավետության մասին (Վրաստանի բարեփոխումների մասին տեղեկություններն այսուհետ մեջբերելու ենք նշված հոդվածից)։

Հայաստանի ու Վրաստանի գիտական համակարգերի խնդիրների միջև շատ զուգահեռներ կարելի է անցկացնել։ Ինչպես և խոհրդային այլ երկներում, Վրաստանում էլ հետազոտություն իրականացնող հիմնական կառույցը 1941-ին հիմնադրված Գիտությունների ակադեմիան էր։

Հոդվածի հեղինակները ներկայացնում են, որ Խորհրդային Միության փլուզումից հետո գիտական կազմակերպությունները ֆինանսական խնդիրների բախվեցին, գիտնականների արտագաղթ սկսվեց։

2004-2005 թթ․ Վրաստանի կառավարությունը գիտական կազմակերպությունները հանեց Գիտությունների ակադեմիայի համակարգից։ 2010-2011 թթ․ ինստիտուտները միացվեցին 7 համալսարանների։ Այժմ Վրաստանում, բացի համալսարաններում ինտեգրված գիտական կազմակերպություններից, կան երեք գիտական անկախ կազմակերպություններ և Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան։ Իսկ Գիտությունների ակադեմիան կառավարության համար խորհրդատվական մարմին է։

«Համալսարանական հետազոտությունները և մշակումները (R&D) Վրաստանում» հետազոտության հեղինակների վերլուծությունը ցույց է տալիս՝ Վրաստանի բարեփոխումների գլխավոր խնդիրն այն էր, որ այն հիմնականում մնաց թղթի վրա։

Հեղինակների զրուցակից դասախոսներից մեկը նրանց ասել էր․ «Ամեն ինչ տեղի է ունենում ֆորմալ առումով։ ․․․․ Ես գաղափար չունեմ, թե ինչ են անում նրանք [հետազոտական ​​ինստիտուտները]»։

Համալսարաններին միանալուց հետո գիտական կազմակերպությունների հետազոտողների կարգավիճակը մնացել էր անորոշ։ Նրանք 2015-ին ի վերջո կարգավիճակ ստացան, սակայն մինչև օրս էլ շարունակում են գոյություն ունենալ մի շարք խնդիրներ՝

  • ինստիտուտների հետազոտողները քիչ են ներգարվված դասավանդման գործընթացում, 
  • չնայած դասախոսներն ունեն և՛ դասավանդելու, և՛ հետազոտություններ իրականացնելու ​​պարտականություններ, գործնականում նրանցից ակնկալվում է միայն դասավանդել,
  • ուսանողների, ինչպես նաև ասպիրանտական ծրագրերի և գիտական ինստիտուտների միջև համագործակցությունը թույլ է։

Հեղինակների զրուցակիցներից մեկը նշել էր, որ ինստիտուտները արժեքավոր ռեսուրս կարող էին լինել ուսանողների հետազոտական աշխատանքները ղեկավարելու հարցում, սակայն նրանց հնարավորությունները չեն օգտագործվում (Building Research Capacity at Universities: Insights from Post-Soviet Countries)։ 

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ երբեմն բարեփոխումները մնում են թղթի վրա և եղած խնդիրները չեն լուծում։ ՀՌԿԿ - Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասնյանն ասում է՝ գիտական հասարակությունները պատմականորեն կոնսերվատիվ են։

Երկու տարի առաջ Սոնա Բալասանյանն ուսումնասիրել էր հայաստանյան համալսարաններում հետազոտությունների իրականացմանն առնչվող խնդիրները՝ ներկայացնելով դրանք «Համալսարանական հետազոտությունը Հայաստանում. անկախության հետևանքները» հոդվածում (Building Research Capacity at Universities: Insights from Post-Soviet Countries գրքից)։ Հետազոտությունը, ի թիվս այլնի, վեր է հանում երկու հիմնական խնդիր՝ 

  • հետազոտությունների իրականացման՝ երբեմն չափից ավելի անհատականացված լինելը, 
  • գիտնականների և գիտական խմբերի միջև համագործակցության թույլ լինելը։

Ներկայումս կառավարության ներկայացուցիչները խոսում են համալսարանների ու գիտական կազամակերպությունների միջև համագործակցության թույլ լինելու մասին, մինչդեռ, կարդալով հոդվածը, տեսնում ենք, որ գիտնականներն ու գիտական խմբերը համագործակցության եզրեր դժվար են գտնում անգամ համալսարանների ներսում։ 

Հետազոտության մասնակիցներից մեկը պատմել էր՝ ինքն այցելել է գիտական տարբեր կենտրոններ ու առաջարկել իրականացնել համատեղ ծրագրեր, քանի որ իրենց լաբորատորայում կան գիտական լավ սարքավորումներ։

Ուսումնասիրությունը նաև ցույց էր տվել, որ հետազոտողներն, ընդհանուր առմամբ, հիասթափված են համալսարանների կառավարման համակարգում մշտական փոփոխություններից։ 

«Նայեք, թե քանի բարեփոխումներ ենք իրականացրել վերջին 30 տարվա ընթացքում՝ սկսած 1991-ից: Մենք անընդհատ բարեփոխումների գործընթացում ենք և արդեն հոգնել ենք դրանից»,- նշել էր մասնակից հետազոտողներից մեկը։ 

Սոնա Բալասանյանն ասում է՝ բուհական ինքնավարությունը բարձրագույն արժեք է, և շատ կարևոր է, որ հետազոտությունները լինեն անկախ, բուհերը կարողանան անկախ որոշումներ կայացնել, բայց պետք չէ մոռանալ նաև հնարավորությունների մասին։

Սոնա Բալասանյանի խոսքով գործնականորեն կարելի է տարբեր ճանապարհներով գնալ՝ պահպանել Գիտությունների ազգային ակադեմիան ու նաև ունենալ հետազոտական բուհեր, կարելի է նաև ինտեգրել ԳԱԱ ինստիտուտները բուհերում։ Նրա խոսքով, սակայն, այս գործընթացում ավելի կարևոր է հասկանալ, թե ակադեմիական համայնքը ինչ պատկերացումներ ունի, քանի որ եթե որոշում է կայացվում բուհերը հետազոտահեն դարձնելու և գիտական կազմակերպությունները դրանց միացնելու, ապա այդ որոշումն իրականացնողը հենց հետազոտողներն են լինելու։ 

Իսկ ի՞նչ անել, որ Հայաստանում սպասվող փոփոխությունները չմնան թղթի վրա, ինչպես Վրաստանում, իսկ գիտական կազմակերպությունների ինտեգրումը բուհերին չլինի ընդամենը ծածկի փոփոխություն։ Սոնա Բալասանյանն ասում է, որ կարևոր է փոփոխություններից առաջ նախ հասկանալ, թե հետազոտական ինչ ներուժ կա համալսարաններում, գիտական տարբեր հաստատությունների համագործակցության ինչպիսի փորձ կա։

Կառավարության նախաձեռնած բարեփոխումներում դեռևս չկան բազմաթիվ հարցերի պատասխաններ, մասնավորապես, թե կոնկրետ ինչպես են բուհերը դառնալու հետազոտական, կամ ինչպես է միավորումը նպաստելու գիտության մեջ սերնդափոխությանը, ինչ հարաբերություններ են ունենալու կլաստերների ներսում համալսարաններն ու գիտական կազմակերպությունները։

Այս բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը փորձում է ստանալ գիտական կազմակերպությունների ու բուհերի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում։ Այս պահին 6 աշխատանքային խմբեր են ձևավորված, յուրաքանչյուր խմբում ներգրավված են համալսարաններն ու գիտական կազմակերպությունները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մեկ անգամ չէ, որ կոչ է արել գիտական համայքին ակտիվ մասնակցելու քննարումներին, սակայն արդյո՞ք այս քննարկումները կնպաստեն նրան, որ բովանդակային փոփոխություններ տեղի ուենան։ Սոնա Բալասանյանն այդ հարցում թերահավատ է։ 

Նա նշում է, որ փորձի փոխանակման նման հնարավորություն կարող էր լինել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից տեղական համագործակցությունները խթանող ծրագրերի իրականացումը։

Նրա խոսքով քննարկումները որոշումների կայացման ձև են, բայց ոչ հիմք։ 

Սոնա Բալասանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք գիտել այստեղ։

Հովակիմ Զաքարյանը ևս թերահավատ է քննարկումների հարցում։ Որքան էլ քննարկումների արդյունքում որոշվելիք հարցերի շրջանակը մեծ է, գիտնականը կարծում է, որ կառավարությունն արդեն կայացրել է որոշում և հիմա փորձում է քննարկումները համապատասխանեցնել հենց այդ որոշմանը։

Հովակիմ Զաքարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

Կառավարությունը դեռևս չի հրապարակել Հայաստանի գիտության ռազմավարությունը։ Հարցին, թե ինչու որոշումների կայացմանը չի նախորդել ռազմավարության հրապարակումը, որպեսզի որոշումները բխեին հենց ռազմավարությամբ սահմանված թիրախներից՝ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանում է՝ այն պատրաստ էր դեռ 2021-ին և չի հաստավել լիազորող նորմի բացակայության պատճառով։ Անցած տարի կառավարությունը օրենքի փոփոխությամբ այդ նորմը ներդրել է, այժմ արդեն իրավական խոչընդոտներ չկան։ Բայց քանի որ այս պահի դրությամբ, ըստ նախարարի, ռազմավարությամբ սահմանած մի շարք թիրախների արդեն հասել են, վերանայում են այն և այս տարի կներկայացնեն քննարկման։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը կարևորում է այն, որ քննարկումներից ու որոշումների կայացումից առաջ կառավարությունը նախ հստակ սահմանի, թե ինչ ոլորտներ է ուզում զարգացնել, ինչ նպատակներ են դրվելու այդ ոլորտների առջև, որոնք են Հայաստանի տնտեսական, պաշտպանական առաջնահերթությունները։ 

Ըստ Արամ Փախչանյանի՝ նպատակների հստակ չլինելը բերելու է նրան, որ գիտական կազմակերպություների ու բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների ժամանակ հնարավոր չի լինելու պայմանավորվածություններ ձեռք բերել։

Արամ Փախչանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

 ⇑ 

 

Ամբո՞ղջ գիտությունը, թե՞ դրա մի մասը կարող է լինել ակադեմիական քաղաքում

Երբ պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը որոշել է գիտական կազմակերպությունները միավորել բուհերին, Գիտությունների ազգային ակադեմիան և շահագրգիռ այլ կողմեր սկսեցին խոսել գիտության կազմակերպման ձևերի բազմազանության կարևորության մասին։ 

ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ կառավարությունը երբեք էլ չի ասել, որ ողջ գիտությունը տեղափոխվելու է ակադեմիական քաղաք։ 

Նախարարը նաև նշում է, որ միավորման տարբեր ձևեր կան, և այնպես չէ, որ բոլորն միավորումները նույն տրամաբանությամբ են իրականացվելու։ 

Իսկ Գիտության կազմակերպման այլ ձևերի մասին կառավարության պատերացումները շարադրված են լինելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որը առաջիկայում շրջանառության մեջ է դրվելու։

ԿԳՄՍ նախարարի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ասյտեղ։

Նշենք միայն, որ չնայած ողջ գիտությունն ակադեմիական քաղաք տեղափոխելու մասին իրավական ակտ կամ փաստաթուղթ չի ընդունվել, նախորդ տարի և այս տարվա սկզբին պաշտոնական հայտարարությունները խոսում էին նման մտադրության մասին։ 

Նախ, 2023-ի հուլիսին ԿԳՄՍՆ-ն տարածեց հայտնի հայտարարությունը՝ 2027-ից միայն խոշորացած բուհերին ու դրանց միացած գիտական կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելու մասին։ Ապա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ միավորումները տարածվելու են գիտական բոլոր կազմակերպությունների վրա՝ եզակի բացառություններով։ 

«Այն կազմակերպությունները, որոնք ԿԳՄՍՆ ենթակայության տակ են, այս կամ այն կերպ պետք է մասնակցեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին»,- ասել էր Բարձրագույն Կրթության և գիտության կոմիտեի նախագահը։

Ավելին, երբ այս տարվա մարտին Սարգիս Հայոցյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք քննարկելու են ԳԱԱ մասնակի միավորման առաջարկը, նա պատասխանեց․ «Այդ տարբերակը քննարկվելու է, բայց ակնհայտ է, որ պետության քաղաքականությանը հակընդդեմ առաջարկ է»։

 ⇑ 

 

ԳԱԱ նոր առաջարկները

Այս տարվա ապրիլի 3-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան արտահերթ ընդհանուր ժողով գումարեց ու սպասվող միավորումների մասին որոշում ընդունեց։ ԳԱԱ-ն, այսպիսով, առաջարկում է՝

  • ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրել այն բուհերը և գիտական կազմակերպությունները/դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ),
  • ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացնել փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում),
  • կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են համագործակցել բուհերի հետ,
  • գիտական, տեխնոլոգիական, պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվել հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ։


ԳԱԱ նախագահության շենքը

ԳԱԱ-ն նաև ներկայացրեց բուհերի հետ համագործակցության տարբերակներ՝ համատեղ ծրագրերի իրականացում, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում և այլն։ 

Ինչ վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայի ապագա դերին, ԳԱԱ-ն առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ։

Եթե կառավարությունն, ամեն դեպքում, չընդունի ԳԱԱ առաջարկն ու որոշի այն դարձնել ակադեմիական հանրույթ՝ առանց գիտական կազմակերպությունների, ինչպիսի՞ն կլինի ԳԱԱ վերաբերմունքը։ Այս հարցին ԳԱԱ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը պատասխանում է՝ եթե օրենքում չի նշվելու, որ ԳԱԱ-ն իր կազմում միավորում է նաև գիտական կազմակերպությունները, ապա պետք է հստակ սահմանվեն իրենց գործառույթները։ 

Վարդան Սահակյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

 ⇑ 

 

Գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը Լեհաստանի օրինակով

Լեհաստանը ԽՍՀՄ կազմում չէր, բայց համարվում էր Խորհրդային միության արբանյակ պետություններից մեկը, որտեղ կոմունիստական կարգեր էին։ 1952 թ․ երկրում հիմնադրվեց Գիտությունների ակադեմիա, որն ուներ երեք գործառույթ՝ ակադեմիական հանրույթ էր, հովանոց կառույց էր գիտական կազմակերպությունների համար, ինչպես նաև գիտության ոլորտում քաղաքականություն մշակող մարմին էր (A “Dinosaur Doomed to Extinction”?: The Polish Academy of Sciences in the Post-Socialist Era, Heinecke S., Heinze T.

Բացի Գիտությունների ակադեմիայից՝ Լեհաստանում հետազոտություններ իրականացվում էին նաև համալսարաններում, ինչպես նաև գերատեսչական ինստիտուտներում։ Կոմունիստական կարգերի տապալումից՝ 1989-ից հետո երկրում տարբեր փոփոխություններ տեղի ունեցան, սակայն այս երեք տեսակի կառույցները շարունակեցին իրենց գոյությունը (The Gradual Transformation of the Polish Public Science System, Heinecke S.): 


Վարշավայում (նկարում երևացող երկնաքերը Մշակույթի և գիտության պալատն է, որը կառուցվել է կոմունիստական շրջանում)

1990-ականերին Լեհաստանում սկսեց աճել մասնավոր բուհերի թիվը։ Դա բերեց նրան, որ մեծամասամբ հումանիտար և հասարակագիտական ուղղությունների դասախոսները սկսեցին պետական համալսարաններում իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ դասախոսություններ կարդալ նաև մասնավոր բուհերում։ Այդկերպ նրանց քիչ ժամանակ էր մնում հետազոտությամբ զբաղվելու համար, և համալսարաններն սկսում էին ավելի շատ կենտրոնանալ իրենց կրթական առաքելության վրա, չնայած որ բուհերում դասավանդումն ու հետազոտությունը մինչ այդ բալանսավորված էին (Changing higher education policies: From the deinstitutionalization to the reinstitutionalization of the research mission in Polish universities, Kwiek M.)։ 

2009-ից սկսած՝ Լեհաստանում բուհերի կառավարման և ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններ կատարվեցին, ֆինանսավորումը սկսեց ավելի շատ կապվել հետազոտության արդյունավետության հետ (Higher education systems and institutions, Poland, Kwiek M., Szadkowski K.)։ 


Կրակովում

Գնահատման և ֆինանսավորման նոր մեխանիզմներն, ի վերջո, հանգեցրին երկու տեսակի հաստատությունների ի հայտ գալուն՝ բուհեր, որոնցում հետազոտական բաղադրիչն ուժեղ էր, և բուհեր, որոնք հետազոտությունների առումով թույլ էին։ 2016-2018 թթ․ ևս բարեփոխումներ իրականացվեցին։ Իսկ 2020-ին կառավարությունը սկսեց «Գերազանցության նախաձեռնություն. հետազոտական համալսարան» ծրագիրը՝ մրցակցային եղանակով ընտրելով 10 մեծ համալսարաններ և հետազոտությունների համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելով դրանց (Poland: a decade of reforms (2010–2020), Kwiek M.)։ 

Կրթությունն ու հետազոտությունը՝ միասին․ Վարշավայի համալսարան

Այժմ Լեհաստաում կան երկու տեսակի բուհեր՝ համալսարանական տիպի և ոչ համալսարանական տիպի։ Վարշավայի համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Զիգմունտ Լալակը նշում է, որ առաջին տեսակին են պատկանում, այսպես կոչված, դասական համալսարանները։ 


Զիգմունտ Լալակը

«Դրանք պետք է իրականացնեն հետազոտություններ առնվազն վեց գիտական ուղղություններում, և այդ առարկաները պետք է տեղավորվեն հետազոտական առնվազն երեք լայնածավալ ոլորտներում»,- ասում է համալսարանի պրոռեկտորը: 

Այդպիսիք են, օրինակ, Վարշավայի և Յագելոնյան համալսարանները (Լեհաստանի հնագույն համալսարանը)։ 


Վարշավայի համալսարանի պատմական կամպուսի դարպասները

Երկրորդ տեսակին են պատկանում այն բուհերը, որտեղ հետազոտություններ իրականացվում են, բայց որոնք առավել կենտրոնացած են կրթական առաքելության վրա։

Վարշավայի համալսարանի՝ 2023-2030 թթ․ ռազմավարության մեջ նշվում է, որ Համալսարանի գործունեության հիմքը դասավանդման և հետազոտության միասնությունն է։  


Վարշավայի համալսարանի պատմական կամպուսում

«Մենք ցանկանում ենք, որ կրթությունը հիմնված լինի մեր ակադեմիական համայնքի կատարած հետազոտությունների արդյունքների վրա»- ասում է պրոֆեսոր Լալակը։

Զիգմունկ Լալակի խոսքով Վարշավայի համալսարանի քաղաքականությունն է ուսանողներին բոլոր փուլերում՝ բակալավրիատից մինչև ասպիրանտուրա, ներգրավել գիտահետազոտական գործունեության մեջ: 


Վարշավայի համալսարանի Օհոտայի կամպուսը, որտեղ տեղակայված են բնագիտական ֆակուլտետները

Համալսարանի պրոռեկտորն անդրադառնում է նաև այն հարցին, թե ինչպես են իրենք լուծում դասախոսների ծանրաբեռնվածության խնդիրը, որպեսզի նրանց հետազոտությամբ զբաղվելու ժամանակ մնա։ 

Վարշավայի համալսարանը նաև Լեհաստանի կառավարության «Գերազանցության նախաձեռնություն հետազոտական համալսարան» ծրագրի շահառուներից մեկն է։

Համալսարանի պրոռեկտորը նշում է՝ ծրագրի շրջանակում ստացած միջոցներն իրենք ուղղել են առաջատար հետազոտական թիմերի աջակցությանը, հետազոտական ենթակառուցվածքների բարելավմանը, հետազոտողներին իրավական և կազմակերպչական աջակցություն տրամադրող վարչական անձնակազմի վերապատրաստմանը, համալսարանում խոստումնալից ուղղությունների հիման վրա գերազանցության կենտրոնների ստեղծմանը։ 


Համալսարանի լաբորատորիաներից մեկում

Վարշավայի համալսարանն ունի դոկտորական 4 դպրոց։ Ճշգրիտ և բնական գիտությունների դոկտորական դպրոցի ծրագրերից մեկը՝ Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների դպրոցը, իրականացվում է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի հետ համատեղ։

Զիգմունտ Լալակը նշում է, որ դոկտորական մյուս դպրոցները, չնայած ֆորմալ առումով միայն Վարշավայի համալսարանինն են, հնարավորություն են տալիս ասպիրանտներին համալսարանից դուրս գիտական ղեկավարներ ունենալու։ 

Խոսելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումներից՝ Վարշավայի համալսարանի պրոռեկտորը նշում է՝ իմաստ ունի համախմբել բուհերն՝ ավելի ուժեղ համալսարաններ ունենալու նպատակով։ Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության՝ վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախին, Զիգմունտ Լալակն ասում է՝ այն հավակնոտ նպատակ է, բայց իրականանալի է 6-10 տարում։ 

Մյուս կողմից էլ Զիգմունտ Լալակը նշում է, որ պետք չէ որպես բացարձակ ճշմարտություն ընդունել վարկանիշավորման արդյունքները։ 

Զիգմունտ Լալակի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

Լեհաստանի գիտությունների ակադեմիան և դրա բարեփոխումների ծրագիրը

Լեհաստանի գիտությունների ակադեմիան կառուցվածքով բավականին նման է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային՝ գիտական կազմակերպությունների ցանց, ազգային և արտասահմանյան անդամներ, 5 բաժանմուքներ, նախագահություն։

Լեհաստանի Ակադեմիան նաև ունի կոմիտեներ և խորհրդավական մամիններ, ազգային անդամներից կազմված գլխավոր ասամբլեա։

Լեհաստանն այն երկրներից է, որոնք կոմունիստական կարգերից անցում կատարելուց հետո ընտրեցին Գիտությունների ակադեմիան պահելու ճանապարհը։ Իհարկե, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի և կառավարության հարաբերությունները ոչ միշտ են հարթ եղել։ 


Լեհաստանի գիտությունների ակադեմիայի շենքը

Երկրի նախորդ կառավարությունն, օրինակ, 2021-ին որոշեց ստեղծել գիտական նոր կենտրոն, որի գործունեությունը շատ նման էր լինելու Գիտությունների ակադեմիայի գործունեությանը, բայց որն ավելի կախված էր լինելու կառավարությունից։ Գիտությունների ակադեմիայի նախագահն այդ որոշումից հետո հայտարարել էր, որ Ակադեմիան վտանգված է։ Չնայած կրթության և գիտության նախարարը հերքել էր, որ Գիտությունների ակադեմիան փակելու մտադրություն ունեն, Ակադեմիայի նախագահը նշել էր, որ նոր կենտրոնին հատկացվելիք միջոցների պատճառով Ակադեմիային կզրկվի ռեսուրսներից։ 2022-ին, ի վերջո, գիտական նոր կենտրոնը՝ Կոպերնիկուսի ակադեմիան, ստեղծվեց։ 

Լեհաստանի նախորդ կառավարությունը պլանավորում էր բարեփոխումներ իրականացնել Գիտությունների ակադեմիայում։ 2022-ին կառավարությունը խորհրդատվական թիմ ձևավորեց, որն Ակադեմիայի գործունեությունը կարգավորող օրենքում փոփոխությունների նախագիծ մշակեց։

2022-ի ավարտին Գիտությունների ակադեմիայի նոր նախագահ ընտրված Մարեկ Կոնարժևսկու նախաձեռնությամբ Ակադեմիան փոփոխությունների սեփական նախագիծը մշակեց և 2023-ի մարտին ուղարկեց Լեհաստանի կառավարությանը։ Այսպիսով, 2023-ի դրությամբ Լեհաստանի կառավարության ձեռքի տակ կար փոփոխությունների երկու նախագիծ։ 

2023-ի ավարտին Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, ձևավորվեց նոր կառավարություն։ Նոր կառավարությունը գործող Կրթության և գիտության նախարարություները բաժանեց երկու առանձին նախարարությունների՝ Ազգային կրթության, Բարձրագույն կրթության և գիտության։ Լեհաստանի ակադեմիական համայնքը ողջունեց այս որոշումը։ 


Լեհաստանի Գիտության և բարձրագույն կրթության նախարարության շենքը

Բարձրագույն կրթության և գիտության նախարար Դարիուշ Վեչորեկը հանդիպումներ սկսեց ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նոր նախարարը խոսեց համայնքի հետ քննարկումներից հետո բարձրագույն կրթությունը և գիտությունը կարգավորող օրենքում փոփոխությունների մասին։ 

Կառավարությունը բարձրացրեց համալսարանների պրոֆեսորների աշխատավարձերը, լրացուցիչ ֆինանսներ հատկացրեց Լեհաստանում հիմնարար գիտության ֆինանսավորումն իրականացնող գործակալությանը, ինչպես նաև Գիտությունների ակադեմիային։ 

Նախարարը նաև հայտարեց, որ փոփոխություններ տեղի կունենան Գիտությունների ակադեմիայի մասին օրենքում։ Անդրադառնալով Կոպերնիկուսի ակադեմիային, որը, հիշեցնենք, հիմնել էր նախորդ կառավարությունը՝ Վեչորեկը նշեց՝ կքննարկեն, թե ինչ անել այս կառույցի հետ։ Նա ասաց, որ դեմ է ֆինանսական ռեսուրսները ցրելուն, ինչպես նաև կառույցները կրնօրինակելուն և կնխաընտրեր ունենալ մեկ ուժեղ կառույց, ինչպիսին Գիտությունների ակադեմիան է։ 

Գերատեսչական ինստիտուտներ

Բացի համալսարաններից և Գիտությունների ակադեմիայից՝ Լեհաստանում հետազոտություներ իրականացվում են նաև գիտական առանձին ինստիտուտներում, որոնք գործում են այս կամ այն նախարարության ենթակայությամբ։

Այս ինստիտուտները միավորված են երկու ցանցերում։ Առաջինը «Լուկաշևիչ» ցանցն է, որը միավորում է կիրառական հետազոտություններ ու մշակումներ (R&D) իրականացնող ինստիտուտները և համագործակցում է բիզնեսի հետ։ Երկրորդը Գիտահետազոտական ինստիտուտների գլխավոր խորհուրդն է, որը տեղծվել է 1992-ին՝ համաձայն ոլորտը կարգավորող օրենքում ինստիտուտների ներկայացվածության մասին կետի, և միավորում է բոլոր ինստիտուտները (այդ թվում՝ «Լուկաշևիչ» ցանցի)։ 

Գիտահետազոտական ինստիտուտների գլխավոր խորհուրդը կառավարությանն ու խորհրդարանին է ներկայացնում ինստիտուտների շահերը, մասնակցում կառավարության օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը, գիտության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ կարծիքներ ներկայացնում։

Խորհրդի գրասենյակի տնօրեն, պրոֆեսոր Լեժեկ Ռաֆալսկին պատմում է, որ 2000-ականների սկզբին Լեհաստանում ինստիտուտների միավորումների և վերակառուցման գործընթաց սկսվեց, որը տևեց 6-7 տարի։ Արդյունքում ինստիտուտների թիվը նվազեց․ եթե 1989-ին կար 297 ինստիտուտ, ապա հիմա դրանց թիվը 88 է։ Սակայն Պրոֆեսոր Ռաֆալսին դա բնական է համարում։ 


Լեժեկ Ռաֆալսկին

Նա հիշում է, որ 2000-ականներին կառավարության հետ համագործակցությունը գերազանց էր․ «2008-ին մենք նախարար Բարբարա Կուդրեցկայի հետ սկսեցինք ինստիտուտների վերաբերյալ նոր օրենք մշակել։ Խորհդարանն այն ընդունեց 2010-ին»։ 

Գլխավոր խորհրդի վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2009-ի դրությամբ Լեհաստանում ինստիտուտների աշխատակցիների թիվը զգալի նվազել էր․ եթե 1989 թ․ կար 72 հազար աշխատակից, ապա 2009-ին նրանց թիվը 24 հազար 5 հարյուր էր։ Հետագա տարիներին աշխատակիցների թիվն ավելացավ՝ 2016-ին հասնելով 40 հազարի։ Լեժեկ Ռաֆալսկին սա պայմանավորում է 2010-ի օրենքի ընդունմամբ։

Նրա խոսքով իրավիճակը փոխվեց 2016-ից հետո, երբ նոր կառավարությունը օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց և 2018-ին նոր օրենք ընդունեց։

Գլխավոր խորհրդի վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ինստիտուտների աշխատակիցների թվի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել (այժմ նրանց թիվը մոտ 39 հազար է)։ Լեժեկ Ռաֆալսկին ասում է՝ իրենք ուզում են, որ կրկին աշխատակիցների թվի աճ լինի։

Այժմ, երբ Լեհաստանը նոր կառավարություն ունի, Գիտահետազոտական ինստիտուտների գլխավոր խորհուրդը ցանկանում է կառավարության հետ համագործակցությամբ վերադառնալ նախորդ օրենքի կարգավորումներին, մասնավորապես՝ վերականգնել ինստիտուտների տնօրենների ընտրության մրցակցային կարգը։ Պրոֆեսոր Ռաֆալսկին լավատես է փոփոխությունների հարցում։

Անդրադառնալով «Լուկաշևիչ» ցանցին՝ Լեժեկ Ռաֆալսին նշում է, որ ցանցի, ինչպես նաև դրանից դուրս գործող որոշ ինստիտուտների և բիզնեսի միջև համագործակցությունը տարբեր ձևերով է իրականացվում՝ տեխնոլոգիայի տրանսֆեր, մասնավոր կազմակերպությունների կողմից ինստիտուտներին գիտական խնդիրների լուծման պատվիրակում, ինչպես նաև տարբեր ընկերությունների անձնակազմերի վերապատրասում ինստիտուտներում։ Անցած տարի «Լուկաշևիչ» ցանցի տնօրենը հայտնել էր, որ իրենց տարեկան բյուջեի 20%-ը կառավարությունից է, մնացածը՝ բիզնեսի հետ համագործակցությունից։ 

Խոսելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սպասվող փոփոխություններից՝ պրոֆեսոր Լեժեկ Ռաֆալսկին ասում է՝ ինստիտուտների միավորումը բուհերին այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ այդկերպ կնվազի ինստիտուտների նշանակությունը։

Պրոֆեսորն ասում է՝ Լեհաստանում ինստիտուտները բուհերին միավորելու առաջարկ չի եղել, չնայած որ օրենքով նման միավորման հնարավորություն կա։

Լեժեկ Ռաֆալսկու հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

Կառավարության հետ համագործակցությունը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի օրինակով

Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտը գործում է վերը նշված կառույցների տրամաբանությունից դուրս և ստեղծվել է խորհրդարանի իրավական ակտով: Ինստիտուտի՝ հետազոտությունների գծով փոխտնօրեն Լուկաշ Քուլեսան ասում է, որ իրենց գործառույթները սահմանված են օրենքով․ «Մենք վերլուծություններ, փորձագիտական կարծիքներ և կանխատեսումներ ենք ներկայացնում պետական կառավարման տարբեր մարմինների»։


Լուկաշ Քուլեսան

Ինստիտուտի ամենասերտ համագործակցությունն Արտաքին գործերի նախարարության հետ է։ Բացի այդ՝ ինստիտուտը կապեր ունի նախագահի և վարչապետի աշխատակազմերի, խորհրդարանի, Զինված ուժերի որոշ մարմինների հետ։ 


Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի շենքը

Ինստիտուտի հետազոտողները երբեմն իրենց նախաձեռնությամբ են հետազոտություններ իրականացնում, եթե գտնում են, որ այդ հետազոտություններն անհրաժեշտ են կառավարությանը, բայց ավելի հաճախ նրանք հետազոտություններ են իրականացնում կառավարության պատվերով։

Խոսելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սպասվող բարեփոխումներից ինստիտուտի հետազոտող Վոյչեկ Վոյտաշևիչն ասում է՝ բարձրագույն կրթությանը վերաբերող ցանկացած բարեփոխման մեջ ամենակարևորը պետք է լինի կրթության որակը։

Նա կարևորում է այն, որ Հայաստանի կառավարությունն այս բարեփոխումների շրջանակում համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ։


Վոյչեկ Վոյտաշևիչը

Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցիչների հետ ամբողջական հարցազրույցները կարող եք դիտել այստեղ։

Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում

Լեհաստանում գիտական կազմակերպությունների ու բուհերի կանոնադրական ֆինանսավորումն իրականացնում է Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը։ Ֆինանսավորումը հիմնված է հետազոտություն իրականացնող կառույցների կատարողականի վրա։ Բացի այդ՝ կան պետական առանձին գործակալություններ, որոնք դրամաշնորհային և ֆինանսական տարբեր ծրագրեր են իրականացնում հետազոտողների համար։ 

Գիտության ազգային կենտրոնը ֆինանսավորում է հիմնարար գիտությունը, Հետազտությունների և մշակումների (R&D) ազգային կենտրոնը՝ կիրառական հետազոտություններն ու նորարարական լուծումները, իսկ Ակադեմիական փոխանակման լեհական ազգային կենտրոնը՝ գիտության միջազգայնացման և գիտնականների շարժունակության ծրագրերը։ 

Այս կառույցներից երկուսը՝ Գիտության ազգային կենտրոնն ու Ակադեմիական փոխանակման լեհական ազգային կենտրոնը, Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունից անկախ մարմիններ են։


Ակադեմիական փոխանակման լեհական ազգային կենտրոնի շենքը

Բացի պետական գործակալություններից՝ Լեհաստանում գործում է նաև Լեհաստանի գիտության հիմնադրամը, որն անկախ կառույց է և ֆինանսավորում է գիտնականներին, գիտական խմբերին, ինչպես նաև գիտության առևտրայնացման ծրագրերը։

Գիտահետազոտական ինստիտուտների գլխավոր խորհրդի գրասենյակի տնօրեն Լեժեկ Ռաֆալսկին նշում է, որ Հետազտությունների և մշակումների (R&D) ազգային կենտրոնը նաև բիզնեսի հետ համատեղ ծրագրերի ֆինանսավորում է իրականացնում։ Երբ մասնավոր հատվածից գիտական կազմակերպություններին գիտական պատվեր է գալիս, ծրագրի մի մասը կենտրոնն է ֆինանսավորում, մյուս մասը՝ կազմակերպությունը, որի համար իրականացվում են հետազոտություններն ու մշակումները։ 

Հետազտությունների և մշակումների (R&D) ազգային կենտրոնը համապատասխան նախարարությունների հետ խորհրդակցությամբ ֆինանսավորում է նաև պաշտպանականան և անվտանգային նպատակներով իրականացվող ծրագրերը։ 


Գիտության ազգային կենտրոնի շենքը (Կրակով)

Լեհաստանում, ինչպես և Հայաստանում, գիտության ֆինանսավորումը բարձր չէ (Հայաստանում անցած տարի գիտության գծով ծախսերը եղել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,24%-ի չափով, Լեհաստանում՝ ՀՆԱ-ի 1,4%-ի չափով)։ Չնայած Լեհաստանի կառավարությունը Գիտության ազգային կենտրոնին այս տարի լրացուցիչ ֆինանսներ է հատկացրել, Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտով Յուժվիակը դա համարում է դեռևս ոչ օպտիմալ ֆինանսավորում։ 


Քշիշտով Յուժվիակը

Պրոֆ․ Յուժվիակը, ներկայացնելով կենտրոնի գործունեությունը, նշում է, որ իրենք ֆինանսավորում են գիտական ներքին ծրագրերը։ 

Այս առումով Հայաստանի ու Լեհաստանի դրամաշնորհային ծրագրերը բավականին նման են։ Լեհաստանում ֆինանսավորման առանձնահատկությունն այն է, որ տարբեր գործակալություններ համատեղ ծրագրեր են իրականացնում։ 

Գիտության ազգային կենտրոնն ու Հետազտությունների և մշակումների (R&D) ազգային կենտրոնն, օրինակ, համատեղ ֆինանսավորում են այն հիմնարար հետազոտությունները, որոնք հետագայում առևտրայնացվելու պոտենցիալ ունեն։ 

Ակադեմիական փոխանակման լեհական ազգային կենտրոնի հետ ևս Գիտության ազգային կենտրոնը համատեղ ծրագիր ունի։

Լեհաստանում, փաստորեն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ և՛ բազային ֆինանսավորումը, և՛ դրամաշնորհային ծրագրերը համակարգում է ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ֆինանսավորման աղբյուրների բամազանություն կա։ 

Խոսելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումներից՝ Քշիշտով Յուժվիակը, որը Լուբլինի բժշկական համալսարանի պրոֆեսոր է, ասում է՝ ամենակարևորը հետազոտությունների և դասավանդման միջև ճիշտ բալանս գտնելն է։ 

Քշիշտով Յուժվիակի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

 ⇑ 

 

Ամփոփում

Այսպիսով, Լեհաստանն էլ, ինչպես Հայաստանը, կոմունիտասկան շրջանից ժառանգեց Գիտությունների ակադեմիա, իսկ 90-ականներին երկրի համալսարանները բախվեցին խնդիրների, ու հարց առաջացավ դրանց հետազոտական բաղադրիչն ուժեղացնելու։ Ինչպես Հայաստանը, Լեհաստանը ևս պահպանեց գիտության կազմակերպման՝ նախկինում գոյություն ունեցած ձևերը՝ Գիտությունների ակադեմիան, համալսարանական հետազոտությունները, գերատեսչական կառույցները։ Հայաստանը կշարունակի՞ պահպանել այս համակարգը՝ ցույց կտան բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում սպասվող փոփոխությունները։

Հայաստանում փոխությունների գործընթացը, սակայն, ուղեկցվում է որոշակի խնդիրներով․

  • գիտական կազմակերպությունները բուհերին միավորելը բխում է բարձրագույն կրթության համար սահմանած թիրախներին հասնելու նպատակից, իսկ գիտության համար դեռևս առկա չեն հաստատված ռազմավարություն և սահմանված թիրախներ,
  • կառավարության այն պնդումները, որ միավորմամբ բուհերի հետազոտական բաղադրիչն ուժեղանալու է, և լուծվելու է գիտության մեջ սերնդափոխության հարցը, հիմնավորված չեն հետազոտություններով և հստակ հաշվարկներով,
  • կառավարությունը նախատեսում է խոշորացումներ ու միավորումներ իրականացնել առանց պիլոտային ծրագրի, 
  • ակադեմիական համայնքում մտահոգություններ կան, որ կառավարությունը գիտական կազմակերպությունների և բուհերի միավորման որոշում է կայացրել, մինչդեռ համակարգի խնդիրների լուծմանը պետք էր հանգել քննարկումների արդյունքում,
  • բարեփոխումների ընթացքում կառավարությունը երբեմն վերջնական քննարկումներով չանցած և չհաստատված դիրքորոշումներ է հայտնում, որոնք կարող են շփոթություն առաջացնել ակադեմիական համայնքում և բարդացնել շահագրգիռ կողմերի միջև երկխոսությունը,
  • բարեփոխումների համատեքստում առկախված է ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացումը, ինչը նախատեսվում էր կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով։

Չնայած վերոնշյալ խնդիրներին՝ կառավարությունն, այնուամենայնիվ, խոստանում է՝

  • ապահովել գիտության կազմակերպման ձևերի բազմազանություն՝ գիտական կազմակերպություններ ունենալով նաև ակադեմիական քաղաքի կլաստերներից դուրս, 
  • որոշումներ կայացնելիս հիմնվել ակադեմիական համայնքի հետ քննարկումների վրա։

 ⇑ 

 

Հեղինակ՝ Աննա Սահակյան
Խմբագիր՝ Սևակ Մամյան
Լուսանկարները՝ Անի Ղուլինյանի, Ջուլիետտա Հովհաննիսյանի
Տեսանյութերը՝ Անի Ղուլինյանի, Սարգիս Խարազյանի, Ռոման Աբովյանի
Գլխավոր նկարը՝ Արամ Քարաջայանի

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել