Ժաննա Անդրեասյանն Ակադեմիական քաղաքը տարածաշրջանային հաբ դարձնելու հնարավորություն է տեսնում | armenpress.am

armenpress.am Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառուցվելիք Ակադեմիական քաղաքը տարածաշրջանային հաբ դարձնելու հնարավորություն է տեսնում:

Այս մասին նախարարը հայտարարեց «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ի բացման արարողության ընթացքում:

«Սա այն ծրագիրն է, որ, հետևելով մեր կառավարության առաջնահերթ օրակարգին՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին, ցույց է տալիս այն հնարավորությունները, որ կարող են լրացնել բաց սահմանները՝ բովանդակային համագործակցության նոր հեռանկարով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը վերածելով նաև գիտելիքի և նորարարության խաչմերուկի»,- նշեց Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը հավելեց՝ Ակադեմիական քաղաքի ուղղությամբ հրավիրում են նաև մասնավորի ուշադրությունը:

«Օրինակ՝ տեխնոլոգիական կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գրասենյակներն ակադեմիական քաղաքի ստարտափ թաղամասում, համատեղ հետազոտություններ և կրթական ծրագրեր նախաձեռնել, բազմաթիվ միջոցառումներ կարող են պլանավորվել և կազմակերպվել Ակադեմիական քաղաքում նախատեսվող ազգային ստադիոնում։ Սպորտային մյուս ենթակառուցվածքներով, բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնը կարող է հյուրընկալել փառատոններ, համերգներ, ներկայացումներ, համաժողովներ ու քննարկումներ»,- ասաց նախարարը:

«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ