Ցավում եմ շատ, որ Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և իմ հեռախոսազրույցը շրջանառման նյութ է դարձել. Աղան աբեղա Երնջակյան

Նախորդ օրերին մամուլում հայտնվեց հեռախոսային ձայնագրություն, որը դարձավ հասարակության լայն շերտերի բուռն քննարկման առիթ։ Ցավում եմ շատ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և իմ հեռախոսազրույցը, որը պարունակում է անձնական և ընտանեկան հարցեր, շրջանառման նյութ է դարձել։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:

«Չքննարկելով ձայնագրության իսկությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որը սակայն սպառիչ չէր ըստ արդյունքների, և շարունակվում են լրատվամիջոցների ու հազարավոր հավատացյալների հարցերն ուղղվել ինձ, որոնք համախմբելով ստացել եմ հետևյալ պատկերը.

– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հարցերը քննարկող մարմնի ղեկավարի ուշադրությանը ներկայացված խիստ բարոյական, արժեհամակարգային և ինստիտուցիոնալ բնույթ կրող խնդրո առարկա նյութը նույն Կարգապահական մարմնում արդյո՞ք ընթացք ստացել է, թե ոչ։

– Եթե չի ստացել, ապա ինչո՞ւ։

– Եթե ստացել է, կա՞ արդյոք քննարկման և որոշումների մասին արձանագրություն, թե ոչ:

– Եվ եթե կա, ինչու՞ օրեր առաջ Տեղեկատվական համակարգը հղում չարեց այդ քննարկումներին և որոշումներին։

Այժմ խնդրանքս է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հայրերին և Եկեղեցու պատկան կառույցներին, որպեսզի, փոխանակ հետևելու և արձագանքներն ամբողջությամբ իմ վրա թողնելու, իրենք պատասխանեն հասարակությանը և հավատացյալներին հուզող հարցերին՝ զերծ պահելով նոր քննարկումներից ու տարընթերցումներից։

Աստված պահապան և օգնական մեր Մայր Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն և հարազատ ժողովրդին»,- գրել է նա։

Հիշեցնենք, իշխանական լրատվամիջոցներում հրապարակվել էր ձայնագրություն, որտեղ հեռախոսազրույց են ունենում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը։ Տարածված ձայնագրությունում նրանցից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։

Հոգեևորականները քննարկում են նաև տնից հեռու նշանակվելու հարցը․ «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։

ՆԳՆ ոստիկանությունից Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՔԿ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Քննչական կոմիտեից «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։

Մայր Աթոռից արձագանքել են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն