Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա) հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին.

բ) անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ.

գ) վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց.

դ) երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին՝ շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

Հիշեցնենք, որ Տեր Արամ Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են իրականացվում «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն