Որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է, ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով այն հարցին, որ կարգալույծ արված նախկին հոգևորականը չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից։

«Թե պսակադրության, թե մկրտության, առավել ևս պատարագի խորհուրդը կարգալույծ հոգևորականի կողմից անվավեր է։ Հուսանք՝ նա ողջախոհ կլինի և կազատի վանքը։ Չեմ կարող ոչինչ կանխատեսել, հուսանք՝ որևէ միջադեպ չի լինի»,- նշեց Արթենյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ կիրակի օրը մասնակցելու է Ստեփան Ասատրյանի (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) կողմից մատուցվող պատարագին։

Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են իրականացվում «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ