Նախատեսվում է պետտուրքից և չվճարված տույժերից ազատել մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնողներին. նախագիծը ԱԺ-ում է | 1lurer.am

1lurer.am

«Պետական տուրքի մասին» օրենքի՝ 2015-2019 թվականներին գործող խմբագրմամբ սահմանված են եղել ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար պետական տուրքի դրույքաչափերը՝ ամսական, եռամսյակային և տարեկան տուրքերի ձևով: 2019 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով  ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզավորման համար սահմանված պետական տուրքեր սահմանող նորմերը ուժը կորցրած են ճանաչվել, սակայն գործունեությունը շարունակել է համարվել լիցենզավորման ենթակա: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Զեկուցողի խոսքով նշված ժամանակահատվածում վերոնշյալ գործունեությունն իրականացնող ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ, որից տուրքը՝ 900 մլն դրամից ավելի, իսկ տույժը՝ 400 մլն դրամի չափով:

Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան հոդվածով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց ազատել պետտուրքի և դրա չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից:

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Պետական տուրքի և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հոկտեմբերի 21-ի ԱԺ նիստում:

Նախաձեռնության վերաբերյալ քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 22-ին:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն