Կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան) չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից, և եթե Մայր Աթոռն այսօր մինչև երեկո չչեղարկի նրա կարգալուծության որոշումը, միանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։
«Արդեն պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետն ինչ ասում էր, ճիշտ էր ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու, այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին»,- հայտարարեց Տեր Արամը:
Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը քահանային կարգալույծ է արել այն հիմնավորմամբ, որ նա դրժել է հնազանդության ուխտը, «իր հայտարարություններով վարկաբեկում է եկեղեցին ու ծառայակիցներին», վերջին մեկ ամսում պատարագներ է անում՝ շրջանցելով Վեհափառի ու թեմի առաջնորդի հիշատակության հատվածները։
«Պատարագը չի կրճատվել, ես միայն կրճատել եմ առաջնորդի հատվածը, որովհետև ես չեմ սիրում կեղծավորություն անել»,- նշեց նա:
Կարգալույծ հռչակված քահանան պնդում է՝ իրեն անհիմն են զրկել քահանայական կարգից, առանց իրեն լսելու։ Մայր Աթոռից նրան հրավիրել էին նիստին, սակայն նա հրաժարվել էր՝ նշելով, որ պատճառն ասեն: Նրա խոսքով՝ ինքը երեկ համաձայնել է մասնակցել նիստին, բայց այսօր արդեն կարգալուծության որոշումն է հրապարակվել:
Դատավորներն անաչառ չեն՝ պնդում է նախկին քահանան և ապացույց է համարում հենց վերջին ձայնագրությունը, որ տարածեց իշխանական լրատվամիջոցներից մեկը։ Այդտեղ կարգապահական հանձնախմբի ատենապետին «նախկին հոգևորականը պատմում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հարկադրում է ընդդիմության ցույցերին մասնակցել»։
Կարգալույծ արված քահանան ասում է՝ դեռ շատ բան կիմացվի Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի վերաբերյալ. «Այս ամեն ինչը, ինչ կլուսաբանվի, ցնցող է լինելու մեր հասարակության համար»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում