Երեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի, ոչ թե Ավինյանի մտերիմիներին․ Չախոյան

Արթուր Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 6 օր առաջ տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է, թե «ինչպես Տիգրան Ավինյանի մտերիմները Բաղյան 2/5 հասցեում՝ համայնքային 500 քմ, 360,000 դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շուկա են կառուցել»։

Նա հիշեցնում է, որ տեսանյութի նկարահանման օրը՝ 6 օր առաջ, իր վրա հարձակվել էին մի խումբ խմած մարդիկ՝ թույլ չտալով, որ նկարահանի «Տիգրան Ավինյանի մտերիմների կոռուպցիայով կառուցած շուկան», և որ դեպքի առթիվ դիմել է Ոստիկանություն, հարուցվել էր քրեական գործ, և 3 հոգու «ձերբակալել» էին, հետո՝ բաց թողել։

«6 օր անց, այսինքն՝ երեկ, գնացի նույն տարածք՝ նոր տեսանյութ նկարահանելու և համեմատություն անցկացնելու՝ թե ոնց ա լինում, որ Երևանում՝ 500 քմ, 360,000 դոլար արժողության հողատարածքի վրա ապօրինի շինություն են կառուցում առանց շինթույլտվության, ու իրավապահները ոչ մի ձև չեն արձագանքում։ Մինչդեռ Գյումրիում՝ ՔՊ-ի օրոք կառուցված ինքնակամ շինության համար, որը ենթակա էր քանդման, ձերբակալում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Իսկ Տիգրան Ավինյանին՝ ոչ։

Երեկ նույն տեղում 6 օր առաջ արդեն «ձերբակալված» Տիգրան Ավինյանի մտերիմը նորից հարձակվում ա ինձ վրա՝ մի խումբ անձանց հետ միասին, և գողանում է հեռախոսս։

Երեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի, ոչ թե Տիգրան Ավինյանի մտերիմիներին, ովքեր հարձակվել էին ինձ վրա ու հեռախոսս գողացել։ Դե բա հո Տիգրան Ավինյանի մտերիմներին չէին ձերբակալելու։ Պատկերացրեք մի պահ, որ էդ դեպքը տեղի ունենար ՔՊ-ականի հետ. միանգամից բոլորին կձերբակալեին ու 2 ամիս կալանք կշխկցնեին»,- գրել է Չախոյանը։

Նա նշում է, որ չի հավատում՝ միջադեպի համար որևէ մեկը, բացի պապիկից, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կկրի, և պնդում, որ եթե ինքը սխալ է ասում, ապա թող Ավինյանը հերքի կամ քանդի շուկան․ «Դե եթե ոչ հերքում է, ոչ էլ քանդում, ուրեմն՝ ոնց ասում եմ, տենց էլ կա»։

«Ասենք, ո՞վ կարա ինձ համոզի, որ Մասիվի թաղապետարանի գրեթե անմիջապես դիմացը՝ համայնքային 500 քմ, 360,000 դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շինություն են կառուցել, որի շինաշխատանքները տևում են մեկ տարուց ավելի ու մինչ օրս էլ ավարտված չեն, ու Տիգրան Ավինյանը այդ ամենի մասին տեղյակ չլինի»,- գրել է Չախոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ