Ազգային ժողովն ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ ՄԻՊ-ի լիազորություններն ընդլայնելու հարցը

Ազգային ժողովն առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է մի շարք նախագծեր, որոնց թվում է նաև ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Ըստ այդմ՝ Գերմանիայի հետ բանակցությունների արդյունքում ԳԴՀ-ի կողմից ՀՀ-ին կտրամադրվեն 84,6 մլն դրամ ֆինանսական միջոցներ, որոնց մի մասը գրանտներ են, մյուս մասը՝ վարկային միջոց: Մասնավորապես` 18,6 մլն եվրոն գրանտային միջոց է, 66 մլն եվրոն՝ վարկային միջոց:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված տարիքային շեմը կհանվի: Նախկինում սահմանված էր, որ հղիություն կրելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառելու համար կինը կարող է լինել 53 տարեկան, իսկ փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալու համար՝ 55 տարեկան: Հիմա տարիքային շեմն այլևս սահմանված չէ:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի առաջարկը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որի՝ հեռարձակողների թիվը նվազագույն 3-ից կդառնա 2: Նախագծի արդյունքում ակնկալվում է նաև միջոցների արդյունավետ բաշխում:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները:

Ընդդիմությունը դեմ քվեարկեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» և ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն