Ես Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am  Կարգալույծը չի կարող կարգալույծ անել՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով: Նա ո՞նց կարող է որևէ քահանայի կարգալույծ անել դրանից հետո էլ, առաջ էլ: Թող նախ հանրությանը բացատրի՝ որտեղի՞ց և ինչպե՞ս ունի կին և երեխաներ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տեր Արամ Ասատրյանին կարգալույծ հռչակելու Մայր Աթոռի որոշմանը:

«Ես՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, նա վաղուց հոգևոր դասի մեջ չէ: Նա մարդ է ընդամենը, որը բռնազավթել է Մայր Աթոռն իր նման կարգալույծ խմբակի հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով հանրության շրջանում քննարկվող Կառավարություն-Եկեղեցի կոնֆլիկտին՝ Փաշինյանը նշեց. «Ո՞նց կարող ենք մենք Եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենալ: Հայ Առաքելական Եկեղեցին իմ սրբությունն է: Ես ո՞նց կարող եմ իմ սրբության հետ կոնֆլիկտ ունենալ: Մենք կոնֆլիկտ ունենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պղծողների հետ, նրա ուխտը ոտնահարողների հետ: Բոլոր այդ մարդիկ կարգալույծ են, և, այո՛, ես կգնամ հաղորդություն կընդունեմ:

Եթե կարգալույծը կարգալույծ է արել, դա նշանակում է, որ այդ կարգալուծության օրը Տեր Արամի՝ եկեղեցու կողմից (եկեղեցին ժողովուրդն է) իրական օծման օրը հենց այդ օրն է, և որպես նոր օծված քահանա՝ ես պատրաստ եմ և ոչ միայն պատրաստ եմ, այլև կանեմ դա, Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետև եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, դա ապացույցն է նրա՝ քահանա օծված լինելու: Ես համարում եմ, որ մեծ հավանականությամբ իմ հոգևոր կյանքի տեղը գտել եմ»:

Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն