Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը։ Իր ելույթում փոխվարչապետը շեշտել է կազմակերպության առանցքային դերը խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների ամրապնդման հարցում։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ  է կատարել ՄԱԿ–ՀՀ արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կարևորությանը։

«Տասնամյակներ առաջ անցնելով պատերազմի ու մարդկային ողբերգության արհավիրքի միջով՝ աշխարհը միավորվեց ամուր համոզմամբ, որ խաղաղությունը, համագործակցությունը, զարգացումը և մարդու իրավունքները պետք է դառնան մարդու համակեցության հիմնասյուները։ Այսպես ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որի գոյության 8 տասնամյակները նշանավորվել են միջազգային խաղաղության ապահովման, աղքատության վերացման, կանանց և խոցելի խմբերի առաջխաղացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ոլորտներում բազմաթիվ հաջողություններով։

1992 թվականին ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես պատասխանատու գործընկեր։ 2026 թ․ հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ նպաստելով միջազգային համագործակցությանը՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի համաշխարհային մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։

Մենք բարձր ենք գնահատում ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ, որը մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների ապահովմանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, փախստականների ու այլ խոցելի խմբերի պաշտպանությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն