Եկամուտների հայտարարագրման պարզեցմանը միտված օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց։
Զեկուցող Բաբկեն Թունյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ըստ նախագծի, եթե քաղաքացիները չունեն եկամուտներ, որոնք ՊԵԿ-ի համար տեսանելի չեն, այսինքն՝ իրենք վստահ են, որ ստանում են միայն աշխատավարձ կամ կենսաթոշակ, կարող են չմտնել-չլրացնել հայտարարագիր։ Այս համատեքստում նա նշել է, որ վերացվում է պատասխանատվությունը հայտարարագիր չլրացնելու համար:
Սոցիալական կրեդիտներ կտրվի այն անձանց, որոնք գոնե մուտք կգործեն եւ թեկուզ առանց որեւէ փոփոխության հայտարարագիրը կհանձնեն կամ կհաստատեն:
Ինքնաշխատ տարբերակով ՊԵԿ-ն ավելի լայն հասանելիություն կունենա տեղեկատվությանը եւ ավելի ամբողջական կլրացնի հայտարարագրերը: ՊԵԿ-ը որոշակի հասանելիություն կունենա տարբեր տվյալների՝ բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը կսահմանվի մեկ դրույթ: Կլինի համապատասխան դաշտ, որով եթե քաղաքացին իր համաձայնությունը տա ՊԵԿ-ին, ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները եւ ինքնաշխատ կլրացվի:
Ընտանիքի անդամների՝ ծնողի եւ երեխայի, քույրերի եւ եղբայրների, ամուսինների, ինչպես նաեւ տատիկների եւ պապիկների կողմից թոռնիկներին ուղարկվող փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի՝ անկախ դրանց չափից։