Բյուջեի կառուցվածքը փոխվել է. այն այսուհետ հիմնված կլինի գերատեսչական բացվածքի վրա | 1lurer.am

1lurer.am  Միջնաժամկետ ծախսերի շրջանակը մենք հաստատել ենք 5 տարով, ոչ թե 3 տարով, ինչպես նախկինում էր: Այժմ միջնաժամկետ ծախսային ծրագրի մեջ չենք ներկայացնում առանձին ծախսային ուղղությունները, այլ միայն ներկայացնում ենք ամեն գերատեսչության մասով քաղաքականության հիմնական ուղղությունները և սահմանաչափերը: Այդ մասին ԱԺ-ում 2026 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով այս տարվա բյուջետային գործընթացների փոփոխությունները:

«Բացի նրանից, որ ներկայացրել ենք հեռանկար, նաև միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատել ենք ավելի շուտ, քան նախկինում էր: Եթե նախկինում միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվում էր հուլիսի սկզբին, հիմա այն հաստատում ենք հունիսի սկզբին: Հաջորդ տարի պլանավորում ենք դա իրականացնել մայիս ամսվա ընթացքում:

Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև մենք միջնաժամկետ ծախսային ծրագրից մինչև բյուջեի հաստատում ունենք ավելի շատ ժամանակ՝ ավելի մանրամասն քննարկելու բազային բյուջեն և դրա առանձնահատկությունները, ինչպես նաև տարբեր քաղաքականությունների առաջնահերթությունները:

Հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ բյուջեն ներկայացնում ենք եռամյա հեռանկարով, այսինքն՝ սա մեկ տարվա բյուջե չէ: Ըստ էության, հաստատվում է մեկ տարվա բյուջե, սակայն միաժամանակ ներկայացվում է 3 տարվա ծախսային շրջանակը»,- ասաց նա:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ բյուջեի ծախսերը և եկամուտները կներկայացվեն խմբավորված՝ ըստ գերատեսչությունների, այսինքն՝ բյուջեի կառուցվածքը փոխվել է, և բյուջեի կառուցվածքն այսուհետ հիմնված կլինի գերատեսչական բացվածքի վրա:

Կներկայացվի նաև պետական մարմինների կողմից օգտագործված գույքի արժեքը: Նպատակն այն է, թե պետական համակարգն ինչպիսի ծախս է ենթադրում, քանի որ մինչ այդ վերոնշյալ ծախսերը ներկայացված չէին բյուջեում:

«Հույս ունենք՝ հաջորդ տարի կկարողանանք արդեն այս ծախսերը ներկայացնել բյուջեի ծախսային հոդվածներում, որպեսզի ամբողջական, մեկ տեղում պատգամավորները և քաղաքացները կարողանան տեսնել, թե պետական կառավարման համակարգը ընդհանուր առմամբ ինչքան է ծախսում իր աշխատանքը կատարելու համար»,- ասաց նա:

Առաջին անգամ ներդրվելու է նաև կապիտալ ծախսերի փոխանցման համակարգ, որով մեկ տարվա մեջ չկատարված, սակայն պարտավորությունները ստանձնած կապիտալ ծախսերը հնարավորություն կլինի տեղափոխել մյուս տարի, և առանց ավելորդ վարչարարության՝ այդ ծախսերը ավարտին հասցնելով հաջորդ տարվա սկզբին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն