Կարգալույծն իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում․ Արագածոտնի թեմի հայտարարությունը

Կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ: Այս մասին հաղոդրագրություն է տարածել Արագածոտնի թեմը։

«Նա իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին` Սկիհին, Մասնատուփին, Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Ավետարանին, Սուրբ Սեղանին, մեռոնամանին և այսպես շարունակ:

Հայոց Կանոնագրքում ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որում ասվում է. «Եթե որևէ քահանա կամ սարկավագ արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ Սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս և ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։

Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին, իբրև խռովարարների, պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել»:

Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ), սակայն, կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում պատարագ է մատուցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես նախօրոք հայտարարել էր, մասնակցել է պատարագին և վերջինիս ձեռքից հաղորդություն է ընդունել։ Մայր աթոռից հայտարարել են, որ որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։

Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն