aravot.am Երևանում հոկտեմբերի 28-30-ն անցկացվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը։
Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր զեկույց, որով Ուկրաինայի դեմ կատարված գործողությունների համար դատապարտվում է Ռուսաստանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց․ «Բոլորը ցանկանում են խաղաղություն, ոչ մեկը չի կարող ասել՝ ոչ խաղաղությանը։ Բայց խաղաղության հասնելու համար և տևական խաղաղության համար այդ խաղաղությունը պետք է լինի հիմնված արդարության և արդարադատության վրա։ Խաղաղությունը պահանջում է, որ բոլոր կողմերի շահերը պաշտպանված լինեն և դա պահանջում է երկու կողմերի բարի կամք։ Այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Այն շարունակում է օկուպացված պահել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքից, միջատել ՀՀ ներքին հարցերին տարբեր պահանջներ ներկայացնել։ Նրանք՝ որպես նախապայման խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ասում են՝ պետք է լինի ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Դա դեմ է սկզբունքներին, որոնք Հելսինկյան ակտով կամ ՄԱԿ-ի խարտիայով հաստատված են։ Շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որը նշանակում է արտատարածքայնություն ճանապարհի, որն ակնկալվում է, որ կանցնի ՀՀ տարածքով և կապ կստեղծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Նա հորդորեց չանտեսել ԼՂ ժողովրդի ճակատագիրը․ «Հորդորում եմ աչք չփակել էթնիկ զտումների, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը ԼՂ ժողովրդի դեմ։ Մարդիկ, որոնք հազարամյակներ այնտեղ են ապրել, ստիպողաբար տեղահանվել են։ Արդյոք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում է աչք փակե՞լ դրա վրա, արդյոք մենք հանդուրժելո՞ւ ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջելու, որ Ադրբեջանը երաշխավորի անվտանգ վերադարձը իրենց տներ՝ արժանապատիվ վերադարձը միջազգային մեխանիզմներով և երաշխավորի այս մարդկանց անվտանգությունը։ Մի քանի տասնյակ հայեր Ադրբեջանի բանտում են։ Այս Վեհաժողովը պետք է ձայն բարձրացնի և պահանջի Բաքվում գտնվող հայ բանտարկյալների՝ ազատ արձակումն առանց նախապայմանների։ Այս Վեհաժողովը պետք է պահանջի Ադրբեջանին դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ավերումը, հետևաբար ես փոփոխություն եմ առաջարկում այս Վեհաժողովի ուղերձում, համապատասխան որի՝ այս Վեհաժողովը չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի կողմից»։