Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է, և մեզ համար դրան համարժեք թիրախներ ենք որոշել. Պապոյան | 1lurer.am

1lurer.am  Վերջին 5 տարում 1 շնչին հասնող համախառն ներքին արդյունքը մոտավորապես կրկնապատկել ենք՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս: 7 տարի առաջ 4000 դոլարից մի քիչ ավելի էր, հիմա արդեն 8600-ի շրջակայքում է, ինչը տպավորիչ աճ է: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա արդյունքներով մենք կանցնենք 9000 դոլարի սահմանը՝ ՀՆԱ-ի1 շնչի հաշվով:

Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ մեր երկիրը նաև որակական առումով էական առաջընթաց ունի:

«Օրինակ՝ Ջինիի գործակիցը եթե նայում ենք, ՀՀ-ն իր բոլոր հարևանների մեջ ամենացածր Ջինիի գործակիցն ունի: Իսկ Ջինիի գործակիցը ինչքան ցածր, այնքան՝ լավ: Մեր տնտեսության մասին է խոսում նաև աշխատատեղերի քանակը՝ 805 հազար աշխատատեղ ունենք, ամեն տարի նոր աշխատատեղեր են ստեղծվում, Գլոբալ ինովացիոն ինդեքսում 59-րդն ենք, որը էլի բավական բարձր ցուցանիշ է»,- հայտարարեց նա:

Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ ընդգծեց՝ պատերազմական վիճակում ու խաղաղության միջավայրում գտնվող երկիրը տարբեր հասկացություններ են, բացի դրանից՝ պետք է սովորել այդ միջավայրում ապրել:

«Մենք երբևէ այդպիսի միջավայրում չենք ապրել: Մենք նույնպես համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է, և մեզ համար թիրախներ ենք որոշել՝ դրան համարժեք: Մինչև խաղաղության պրոցեսը մենք բազմաթիվ ընկերությունների հետ փորձեր կատարել ենք անգամ շփում հաստատելու, արձագանք չի եղել»,- նշեց նա՝ հավելելով, որ պատճառը պատերազմն է եղել:

Պապոյանը, չցանկանալով բացել փակագծեր, տեղեկացրեց՝ վերջերս համաշխարհային բրենդներից մեկի ներկայացուցիչների հետ է հանդիպել ու կարող է ասել՝ շատ շուտով նրանք արդեն կմտնեն հայկական շուկա:

Նախարարը կարևորեց նաև ներդրումները, ընդգծեց՝ տնտեսական աճի համար կարևոր են ներդրումները և հավելեց՝ հիմա փորձում են գնահատել սահմանի բացման էֆեկտները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն