ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Ստեփան Ասատրյանին (մինչ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) կարգալույծ հռչակելու Մայր Աթոռի որոշմանը՝ նշելով, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս խախտել է կանոնագիրքը, որի հիման վրա կարգալույծ է հռչակվել քահանան: Փաշինյանի խոսքով, «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն, Գարեգին Բ-ն չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, և «այդ փաստի բերումով կարգալույծ է»:
ՀՀ վարչապետը նշել է, որ այս կիրակի ևս մասնակցելու է պատարագի Հովհաննավանքում:
Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ), սակայն, կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում պատարագ է մատուցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես նախօրոք հայտարարել էր, մասնակցել է պատարագին և վերջինիս ձեռքից հաղորդություն է ընդունել։ Մայր աթոռից հայտարարել են, որ որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։
Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։