Գազայում զոհերի թիվը գերազանցել է 90-ը. Իսրայելը վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը | armenpress.am

armenpress.am Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հոկտեմբերի 29-ի առավոտյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 91-ի։ Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նշվում է, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի, քանի որ կան բազմաթիվ ծանր վիրավորներ, իսկ ավերված տների փլատակներում անհետ կորածների որոնումները դեռ շարունակվում են։

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում մի քանի քաղաքների։ Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ քաղաքական վերնախավի հրահանգով «ահաբեկչական թիրախներին և ահաբեկիչներին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո» ԻՊԲ-ն վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը։

Հարվածների շրջանակում, ըստ հաղորդագրության, Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի անվտանգության գործակալությունը հարվածել են «ավելի քան 30 ահաբեկիչների, որոնք հրամանատարական դիրքեր էին զբաղեցնում Գազայի հատվածում գործող ահաբեկչական կազմակերպություններում»։

«ԻՊԲ-ն կշարունակի պահպանել հրադադարի համաձայնությունը և խիստ կարձագանքի դրա ցանկացած խախտման», – նշված է հաղորդագրության մեջ։

Իսրայելը հարվածներ էր հասցրել այն բանից հետո, երբ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում փոխհրաձգության հետևանքով զոհվել էր իսրայելցի զինվոր։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի հարձակմանը, և Իսրայելին մեղադրել էր հրադադարը խախտելու համար՝ նշելով, որ կհետաձգի պատանդներից մեկի աճյունի վերադարձը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ