Թուրքիայի հետ հարաբերություններում ակնկալում ենք սահմանի բացում «հենց վաղը»․ Ռուբինյան | civilnet.am

civilnet.am Թուրքիայի հետ հարաբերություններում ակնկալում ենք սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում հենց վաղը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Ակնկալիք կա, որ պետք է լինեն նոր զարգացումներ և առաջընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորման գործընթացում և վաղուց ժամանակն է և հատկապես հիմա է ժամանակը՝ տարածաշրջանում տեղի ունեցած ահռելի փոփոխությունների պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։

Հիշատակելով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքի վերացումը՝ Ռուբինյանը նշեց, որ հենց այս համատեքստում պետք է սպասել դրական տեղաշարժերի։

«Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը հանելը իրականում հեղափոխություն է տարածաշրջանի կյանքում, դա երևի ամենամեծ իրադարձությունն է տնտեսական իմաստով, որ տեղի է ունեցել Հարավային Կովկասում երեք երկրների անկախացումից ի վեր։

Իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է, քանի դեռ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բուն իրադարձությունները տեղի չեն ունեցել, դրանց մասին չխոսել, բայց մի քանի ամսից կվերադառնանք այս խոսակցությանը։ Կարող եմ ասել, որ մոտ ժամանակներս միջգերատեսչական հանդիպում է սպասվում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, որի ընթացքում կշարունակենք քննարկել Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման տեխնիկական մանրամասները, մյուս պայմանավորվածություններն էլ իրենց հունով ընթանում են»,- ասաց Ռուբինյանը։

Հարցին՝ արդյոք դրական ակնկալիքները վերաբերում են երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացմանը, Ռուբինյանն արձագանքեց՝ «ոչ միայն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ