azatutyun.am Եվրամիությունը «բոլոր կողմերին» կոչ է արել հարգել Գազայի հրադադարը, սակայն ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ավելի հեռու է գնացել և քննադատել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքի վրա իրականացված օդային հարվածները։
«Մեզ անհրաժեշտ է խաղաղության հնարավորություն, այլ ոչ թե նոր հարվածների արդարացումներ», – սոցիալական ցանցերում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան։
ԵՄ գործադիր մարմինը չի արձագանքել Իսրայելի հասցեին նրա քննադատությանը։
«Մենք շարունակում ենք հորդորել բոլոր կողմերին հարգել հրադադարը։ Այս հակամարտության համար ռազմական լուծում չկա», – ասել է հանձնաժողովի խոսնակ Անուար Էլ Անունին՝ առանց հիշատակելու Իսրայելի կողմից այս շաբաթ իրականացված օդային հարվածները, ինչի պատճառով, ըստ Գազայի քաղաքացիական պաշտպանության՝ ավելի քան 100 մարդ է զոհվել։