hetq.am Կասկածելի գործարքներով վաճառված Երևանի առաջին մարզադաշտը՝ «Սպարտակը», չի վերադարձվի պետությանը։ Մոտ 2 տարի է՝ Գլխավոր դատախազությունը փորձում էր վիճարկել մարզադաշտի սեփականաշնորհման որոշումները եւ վաճառքի գործարքը։ «Հետքը» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Դատախազության՝ 2024թ․-ի հայցը Վարչական դատարանը վարույթ չի ընդունել, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չի ընդունել Դատախազության բողոքը։ Դատական երեք ատյանների որոշումների արդյունքում մարզադաշտը չի վերադարձվի պետությանը։
Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող մարզադաշտն իր շենք-շինություններով պատկանում էր «Հայաստան» մարզական ՀԿ-ին։ «Սպարտակ» եւ «Աշխատանք» մարզահամալիրների վաճառքի մասին 2024թ․-ին «Հետք»-ն էր գրել։ «Սպարտակ» համալիրը շուկայականից բազմապատիկ ցածր գնով գնել էր «Հայաստան» մարզական ՀԿ-ի նախագահի ծանոթը՝ որդու ստեղծած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի միջոցով։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գնորդը գումարը ՀԿ-ին պետք է վճարի մինչև 2028թ.՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։ Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանը պատկանած «Սպարտակ» եւ «Աշխատանք» մարզահամալիրները օտարելու գործով երկու քրեական վարույթ կա։ Մեկը Քննչական կոմիտեում է քննվում, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Երկու քրեական վարույթով էլ պետք է քրեաիրավական գնահատական տրվի «Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավարի գործողություններին։ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կազմակերպության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը, որն էական վնաս է պատճառել կազմակերպության շահերին։
Համալիրն արտոնյալ պայմաններով գնած ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել
«Սպարտակ» մարզահամալիրը գնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանավել։ «Էկո պետրոլ» ընկերությունը հիմնադրվել է 2021թ․-ին, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Երևանում գտնվող սպարտային համալիրները ձեռք բերելու գործարքներից հետո։
Ընկերությունը սնանկ ճանաչելու համար դատարան էր դիմել ՍՊԸ-ի բաժնետերերից Լեւոն Բաբոյանը։ Ըստ նրա՝ ինքը «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին 1 միլիարդ 115 միլիոն դրամի փոխառություն է տվել, սակայն ընկերությունը ժամանակին չի վերադարձրել գումարը։ Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը բավարարել է հայցը եւ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել։ Ուշագրավ է, որ ստորադաս դատարանի կայացրած վճռի դեմ «Էկո պետրոլ» ՍՊ ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել օրենքով սահմանված ժամկետից ուշ։ Վերաքննիչ դատարանն այդ հիմքով մերժել է բողոք բերած կողմի «բաց թողնված ժամկետը հարգելի համարելու» միջնորդությունը, եւ վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում