Հայաստանի վարչապետը Թուրքիայի հետ դիվանագիտական կապերի հաստատման և սահմանների բացման համար խոչընդոտ չի տեսնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման համար որևէ էական խոչընդոտ չկա, և դրա իրագործումն ընդամենը ժամանակի հարց է։

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակներում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ՝ անդրադարձ կատարելով հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը շատ ավելի դրական ընթացք է ապահովել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում։

«Կարծում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և երկրների միջև սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց է, քանի որ հիմա սահմանի բացման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար որևէ էական խոչընդոտ չկա։ Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, բայց թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ»,-նշել է ՀՀ վարչապետը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այդ պահը մոտենում է շատ շուտով, սակայն չի կարող ասել դրա իրականացման ստույգ ժամկետը։

Հայաստանն ու Թուրքիան դեռևս 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, ինչի նպատակով կողմերը նաև հատուկ ներկայացուցիչներ են նշանակել. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Այդ երկխոսության արդյունքում Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն են ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, սակայն այդ պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին՝ Մոսկվայում։

2025 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանեց Հայաստան՝ ընդունելության արժանանալով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կողմից։ Երևանում կայացած հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումն էր։

ՀՀ ԱԳՆ–ն այդ հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ՝ համաձայնելով արագացնել այդ գործընթացը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ