1lurer.am Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Կառավարությունից ստացվող աջակցության գումարների գծով արտոնյալ կարգավորումներ կսահմանվեն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 30-ի նիստին ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասով առաջարկները:
«Խնդիրն այն է, որ այս աջակցության գումարները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, ինչը շահութահարկի գծով հարկային պարտավորություններ է առաջացնում: Կարծում ենք, որ այս մոտեցումն արդարացված չէ հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ շահութահարկ վճարողների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրավունքից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից: Մասնավորապես, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերում գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներգրավված վարկերի գումարները և դրանց գծով հաշվարկվող տոկոսագումարները պետության կողմից սուբսիդավորվելու դեպքում սուբսադիավորվող գումարները հանդիսանում են եկամուտ և հաճախ շահութահարկի գծով հարկային պարտավորություններ են առաջացնում:
Նախագծով առաջարկում ենք, անկախ գործունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Կառավարությունից ստացված գումարները եկամուտ են համարվում այդ գումարով ստեղծված ակտիվների ծախսագրմանը համամասնորեն, որպեսզի այդ աջակցության գումարների մասով շահութահարկի պարտավորություններ չառաջանան»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց՝ առաջարկվող դրույթների կիրառումը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրը նկատվել է հատկապես 2024-ից սկսած:
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոնկրետ օրինակի վրա բացատրեց առաջարկը: Ըստ այդմ՝ եթե տնտեսվարողը կառուցել է ջերմատուն, ջերմոց, Կառավարությունն էլ համաֆինանսավորել է, այդ համաֆինանսավորման չափով հաջորդ տարի շահութահարկ պիտի վճարի, «հիմա կարգավորումը փոխում ենք, տնտեսվարողն էլ ծավալն ամորտիզացնում է իր սարք-սարքավորումների ամորտիզացման սցենարով»:
Նախարարը հիշեցրեց, որ կա նաև քեշբեքի ծրագիր, որով ներդրումների ծավալի մի մասը միանգամից վերադարձվում է տնտեսվարողին, և միանգամից վերադարձվելու պայմաններում եկամուտ է ճանաչվում, մինչև կառավարությունը վերադարձնում է այն գումարները, որոնք ներդրված են կապիտալ միջոցների մեջ և պետք է ամորտիզացվեն 10 տարում:
«Մենք այդ նվիրած գումարը առաջարկում ենք, որ եկամուտ ճանաչվի ոչ թե այդ տարում, որպեսզի շահութահարկի խնդիր չառաջանա, այլ այն ժամանակաշրջանում, երբ ամորտիզացվում է այդ հիմնական միջոցը՝ դրան զուգահեռ, համամասնորեն»,- ասաց նա՝ հավելելով, որ սա վերաբերում է նաև լիզինգի տոկոսներին: