armenpress.am Շրջակա միջավայրի նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից կհատկացվի 15 մլրդ 358 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 812 մլն դրամով:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Մենք հիմա COP-17 համաժողովի համար նախատեսել ենք 1 մլրդ դրամ, բայց այստեղ շատ ավելի մեծ գումար պետք է հատկացվի, այդ գումարը գտնվում է պահուստային ֆոնդում և տարվա ընթացքում այդ հատկացումները կիրականացնենք, երբ բոլոր մանրամասները մեզ համար պարզ կլինեն»,- ասաց նախարարը:
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ: