civilnet.am 2026-ի բյուջեից 2 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար: Այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ:
«2,5 մլրդ դրամ կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար, 1 մլրդ դրամ՝ ուղևորափոխադրման ծառայությունների գծով լիազորությունների իրականացման համար: Այս երեք ծրագրերի համար ընդհանուր առմամբ նախատեսված է 5,5 մլրդ դրամ»,- հայտնել է նախարարը:
2022-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024-ին. «Հույս ունեմ՝ ժամկետները չեն խախտվի։ Ես մի քիչ էլ ավելացված ժամկետով ասեցի, և 2024-ին պետք է սկսենք շինարարությունը»։
2024-ի հունվարին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց նույն տարում սկսել «Աջափնյակ» կայարանի շինարարությունը և այն ավարտել չորս տարում։
Տիգրան Ավինյանն այս տարվա հունիսին հայտնել էր, որ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: