Երասխ-Սադարակ երկաթգծի կառուցման մասով բյուջետավորված տող չունենք․ ՏԿԵ նախարար | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ առնչվող Երասխ-Սադարակի երկաթգծի և TRIPP միջազգային նախագծի ֆինանսավորմանը։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված են գումարներ Երասխից մինչև ադրբեջանական սահման երկաթգծի կառուցման համար՝ հաշվի առնելով, որ այդ ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։

Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ծրագիրը դեռևս քննարկման փուլում է, և բյուջեում առանձին տող այդ նպատակով չի նախատեսվել։

«TRIPP-ի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման տարբերակները, և ծրագիրը դեռ ամբողջությամբ գտնվում է քննարկման փուլում։ Քանի դեռ այդ քննարկումները չեն ավարտվել, չեմ կարող կոնկրետ նորություն հայտնել։ Ինչ վերաբերում է երկաթուղիների արդիականացմանը՝ միջոցներ նախատեսված են, սակայն Երասխ-Սադարակի մասով բյուջետավորված տող, որպես այդպիսին, չունենք»,-նշեց Դավիթ Խուդաթյանը։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP-ի  («Թրամփի ուղի» նախագիծ) լիարժեք գործելու համար պետք է կառուցվի նաև Երասխ-Սադարակ երկաթուղին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար հռչակագիրը: Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն