Նարեկ Կարապետյանի հայտարությունը, թե իբր էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը. ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է Նարեկ Կարապետյանի՝ բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու հայտարարությանը:

«Նարեկ Կարապետյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարությունն այն մասին, թե իբր բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես՝

1. Իրենց կողմից բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։ Ինչպես արդեն նշել ենք, 2025 թվականի հունիս ամսվա ՀԷՑ-ի առաջարկը ընդամենը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և, զուգահեռաբար, կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդում է ընդամենը 0.2 դրամով։

2. Ինչպես 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամի, այնպես էլ Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։ Այս տարվա լրացուցիչ օգուտները կամ նախորդ տարիների վնասները ձևավորվել են բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի պլանավորված և փաստացի մեծությունների տարբերության արդյունքում, որի հետ ՀԷՑ-ը որևէ առնչություն չունի։ Նմանատիպ տարբերությունները առաջանում են յուրաքանչյուր տարի և հաշվի են առնվում հաջորդ տարվա սակագների հաշվարկներում։

3. Նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար շուրջ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։

4. Սպառողների էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած՝ լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, այլ կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։ Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի՝ սեպտեմբերի 15-ից, ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի՝ սպառողի սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե՞ ոչ։

5. Եթե ՀԷՑ-ը ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ «լույսի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամ 1 կվտ-ի համար»։

«2024թ-ին ունեցել ենք էլ էներգիայի մուտք մոտ 5մլրդ կվտ, որից` բնակչության գծով մուտքը` 2.130 մլրդ կվտ:

Չնայած Քպ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 մլրդ դրամի ավելացած գումար Հէցում:

Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը, և էլ.էներգիայի սակագինը իջնում է շուրջ 3 դրամով 1 կվտ ի համար : Թե բա 20 լումա», – նշել էր Կարապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն