Պետական իշխանությունը զավթել է Վանաձորում տեղական իշխանությունը և կանխում է ընտրություններով տեղական իշխանության ձևավորումը․ «Անկախ դիտորդ»

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) գրասենյակը հոկտեմբերի 29-ին նամակ է ուղարկել Վանաձորի քաղաքապետարան, որով լիազորել է Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրել՝ հանելով ավագանու վրա դրված արգելանքը, սակայն հարկադիր կատարողի տվյալ որոշումը վերացվել է վերադասի կողմից։ Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդը» դաշինքը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Վանաձորի ընտրությունները վիճարկվել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից՝ պահանջելով  մանդատ ունենալ Վանաձորի ավագանիում։ Կուսակցությանը ընդամենը 0,03 տոկոս չէր բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու և Վանաձորի ավագանիում առնվազն 1 մանդատ ունենալու համար։

Վարչական դատարանում հայցը մերժվելուց հետո վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում։ Կուսակցությունը դիմել էր նաև Սահմանադրական դատարան՝ պարզելու՝ սահամանդրակա՞ն է ընտրական վեճերով վճռաբեկ բողոքի ներկայացման անհնարինությունը։

Բողոքարկումների ընթացքում «Լուսավոր Հայաստանը» ևս մեկ հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով արգելել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստի գումարումը մինչև ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս հայցը ևս մերժվել էր առաջին ատյանում։

«Անկախ դիտորդը» ԴԱՀԿ-ի որոշման մասին հայտարարությամբ է հանդես եկել, դրանում ասված է․

«Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունն այլևս իրականացնում է գոյություն չունեցող վեճի հայցի ապահովում, որի սահմաններում արգելում է Վանաձորում տեղական իշխանության ձևավորումը: Այսպիսով, պետական իշխանությունը զավթել է Վանաձոր քաղաքում տեղական իշխանությանը և ապօրինի միջոցներով կանխում է ընտրություններով տեղական իշխանության ձևավորումը»։

«Անկախ դիտորդը» նշում է, որ չարաշահվում են պետական իշխանության վարչական ռեսուրսները, և կանխվում է համայնքի ղեկավարի ընտրությունը․

2021 թ․-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններից ի վեր դատարանները մի քանի անգամ վերջնական վճիռներ են կայացրել․ ավագանու վրա դրված արգելանքը պետք է վերացվեր և համայնքի ղեկավար ընտրվեր։

ԴԱՀԿ-ի նոր որոշմամբ Վանաձորի ավագանին դեռ համայնքապետ չի ընտրի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն