Ավինյանի հայցն ընդդեմ ՍիվիլՆեթի․ կայացվել է վճիռ | civilnet.am

civilnet.am Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 31-ի վճռով մասնակի բավարարել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ ՍիվիլՆեթի (մայր կազմակերպությունը՝ Սիվիլիթաս հիմնադրամ)։ Դատավոր Տաթևիկ Ստեփանյանը գտել է, որ «ՍիվիլՆեթի հրապարակումը զրպարտություն է պարունակել», սակայն մերժել է դրամական փոխհատուցման պահանջը։

Հայցի առարկան ՍիվիլՆեթում 2024-ի նոյեմբերի 13-ին հրապարակված «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» վերտառությամբ հետաքննությունն էր, որն իրականացվել էր «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետ համատեղ։ Տիգրան Ավինյանը վիճարկում էր հատկապես երկու արտահայտություն՝ բուն վերնագիրը և այն պնդումը, թե իր «քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով»։ Հայցվորը պահանջում էր հերքում, ներողություն և 3 մլն դրամ փոխհատուցում։

Դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ դատարանը վճռել է, որ վիճարկվող արտահայտությունները ոչ թե գնահատող դատողություններ են, այլ փաստացի տվյալներ, որոնք «չեն համապատասխանել իրականությանը, այսինքն` եղել են սուտ, անհիմն, ոչ հավաստի»։ Ըստ վճռի՝ գործում առկա ապացույցները դատարանին հիմք չեն տվել եզրահանգելու, որ Ավինյանը պետական ծրագրերից անուղղակի օգուտներ է ստացել։

ՍիվիլՆեթի ներկայացուցիչը դատարանում առարկել էր՝ նշելով, որ հրապարակումը պայմանավորված է եղել գերակա հանրային շահով և հիմնված է եղել պետական մարմիններից (Էկոնոմիկայի նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե) ստացված տվյալների վրա։ Դատարանն այս փաստարկը չի ընդունել՝ արձանագրելով, որ պետական մարմիններին հարցումներ անելը «չեն կարող համարվել տվյալների բարեխիղճ ներկայացում, քանի որ հրապարակման մեջ գրությունների պատասխաններով նշված տեղեկատվությունը ներկայացվել է ոչ ամբողջական և ոչ հավաստի»։

Դատարանը մերժել է հայցվորի՝ վիրավորանքի հիմքով ներողություն խնդրելու պահանջը՝ գտնելով, որ արտահայտությունները զրպարտություն են, իսկ միևնույն արտահայտությունը չի կարող լինել և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն։ Մերժվել է նաև 3 միլիոն դրամ փոխհատուցման պահանջը։ Դատարանը գտել է, որ զրպարտության համար բավարար է պատասխանողին հրապարակային հերքում հրապարակելուն պարտավորեցնելը։ Դատական ծախսերի մասով՝ Տիգրան Ավինյանից հօգուտ ՍիվիլՆեթի որոշվել է բռնագանձել 100,000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն, ինչպես նաև 20,000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրք։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն