1lurer.am Սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի հոր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՔԿ-ից:
«Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- տեղեկացրին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանը։ Փրկարարները երեխայի մարմինը հայտնաբերել են նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ նախնական տվյալներով, երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել փոքրիկին:
ՔԿ-ից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):